Ես եկել եմ զրուցելու տունը կորցրած եղբայրներիս ու քույրերիս հետ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷս ինչքան շատ եք։ Մոտենալով ամբիոնին «Ազատության» հրապարակում բղավեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, նշելով, որ ինքն այսօր ելույթ չի ունենալու, այլ զրուցելու է եկել։
«Ես եկել եմ զրուցելու տունը կորցրած եղբայրներիս ու քույրերիս հետ։ Շուշիից, Հադրութից, Քարինտակից, Մարտունու Ասկերանից, Մարտակերտի գյուղերից, բոլոր նրանց հետ, ում աչքերի մեջ նայելով իշխանությունը ստում է ու չի համարձակվում ասել, որ մեր հայրենիքը՝ օ-կու-պաց-ված է»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։
Ըստ պատգամավորի՝ չեն ասում, որովհետև վախենում են օկուպանտից։ «Սխալվում են, պետք է վախենալ նրանցից, ովքեր երկու անգամ, և դեռ շատ անգամներ ծնկի են բերելու օկուպանտին։ Ղազանչեցոցի սպիտակ կամարների տակ աղոթած ու Հադրութում գերեզման թողած իմ հայրենակիցներից պիտի վախենան»,- հայտարարեց Մամիջանյանը նշելով, որ ինքը եկել է խոնարհվելու և աղաչելու, որ իրեն լսեն հարազատ կորցրած իր եղբայրներն ու քույրերը։ Հայկ Մամիջանյանը ներողություն խնդրեց, որ ինքը կա, իսկ նրանք՝ չկան։
«Եկել եմ ասեմ, որ իրենց հերոս զավակներին պահած ու շահած հողը պատառ-պատառ մեծուփոքր կտորներով իրենց մեջքի հետևից ծախում են։ Սուտ է, իրենց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս»,- նշեց Հայկ Մամիջանյանը, պատմելով, որ «այդ ծախելն անում են այնպիսի դեմքի արտահայտությամբ՝ կարծես բոլորիս փրկություն են բերել ու մի բան էլ մեր վրա են մուննաթ գալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում։