Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ասում են նոր տնօրենը Ավինյանի ընկերոջ կինն է․ Չեխովի անվան դպրոցում դեմ են նոր տնօրենին (տեսանյութ)

Չեխովի անվան դպրոցում դեմ են նոր նշանակված տնօրեն Դիանա Մինասյանին և դասերի ժամին բողոքի ակցիա են իրականացնում։ Ինչպես պնդում են ուսուցիչներն ու աշակերտները՝ չեն ճանաչում նոր տնօրենին։

Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանն էլ նշում է, որ դեկտեմբերին քաղաքապետարանից իրեն նշանակել են պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր հաստիքի համար ընտրություն կլինի։ Մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց այդպես էլ տնօրեն չի նշանակվել։

Ըստ Մելքոնյանի՝ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթում դպրոցի մանկավարժական խորհուրդը, ծնողական խորհուրդը իր ձայնը տվել է իրեն, և ինքը 5 ձայնով պետք է նշանակվի տնօրեն։ Բայց քաղաքապետարանը տնօրեն է նշանակել իր թեկնածուին՝ Դիանա Մինասյանին։

Դպրոցի ուսուցիչներից մեկն էլ նշեց, որ ըստ տեղեկությունների՝ նոր տնօրենը ՀՀ նախկին փոխվարչապետ, 2023-ին կայանալիք ընտրություններում Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։

Աշակերտները ևս դեմ են նոր տնօրեին և դպրոցի բակում վանկարկում էին՝ Մելքոնյան, Մելքոնյան․․․

Աշակերտներն ու ծնողները, ուսուցիչների հետ քայլերթով շարժվեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ բողոքի ակցիան շարունակելու։ Երբ հասան քաղաքապետարանի շենքի մոտ, նրանց դիմավորեց Երևանի քաղաքապետի տեղակալը, ով նաև կրթության մասով համակարգողն է։

Ծնողների, աշակերտների, ուսուցիչների և պաշտոնյայի միջև բավականին լարված զրույց ծավալվեց։

Երկար բանավեճից հետո շենք մտավ հինգ ծնող, հինգ մանկավարժ և դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանը։

Լրատվամիջոցներին այդպես էլ թույլ չտվեցին ներս մտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։