Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե այդ փաստերը ճիշտ են, դիմենք քրեական գործ հարուցեն․ Վարդանյանը՝ Ղազինյանին (տեսանյութ)

«Կարծես մենք գտնվում ենք տեղապտույտի մեջ՝ дурак, сам дурак կոնցեպտի մեջ։ Անընդհատ քաղաքական դիսկուրս է ծավալվում՝ մի կողմ թողելով այսօր մեր գլխին կախված վտանգները, չնկատելու տալով եղած և սպասվող հնարավոր աղետները»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի 2020-2021 թվականների գործունեության մասին քննարկման ժամանակ նման կարծիք հնչեցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Իրականում հեռու եմ այն մտքից, որ 90 ականներից սկսած մինչև 2018 թվականը ամեն ինչ շատ ճիշտ է եղել և որևե խնդիր չի եղել, բացարձակ․ եղել են խնդիրներ, եղել են չկայացած ինստիտուտներ, եղել են պետական բացակայող ավանդույթներ, ինչը հանգեցրել է անվստահության դեպի ժողովրդավարական ինտիտուտներ»,-ընդգծեց Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը պետք է խոսի ներկա խնդիրների մասին։ Նրա գնահատմամբ՝ 1991 թվականից մինչև 2018-ը եղած բոլոր իշխանությունների սխալները միասին անհամատեղելի են ներկա իշխանությունների կողմից թույլ տրված սխալների հետ։

«Դուք հիմա կասեք, որ պատճառներն ավելի խորն են թաքնված, որ դա գալիս է շատ հեռվից, որ էն ժամանակ ինչ-որ բան անեիք, հիմա էսպես չէր լինի, հեշտ ա միշտ մեղավոր նշանակել»,- ասաց Ղազինյանը։

«Խոսվեց նույնիսկ այն մասին, որ վերջին ընտրությունների ժամանակ եղել է նույնիսկ փողի ինչ-որ խնդիր։ Եթե ասողը լիներ ընդդիմությունը, ես կհասկանայի պարոն Խաչատրյան»,- ասաց Ղազինյանը՝ դիմելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին։

Կարճատև բանավեճ սկսվեց Ղազինյանի և Խաչատրյանի միջև։ Ղազինյանը անդրադարձավ Խաչատրյանի հիշատակած գումարով ընտրության գնալու դեպքին՝ ընդգծելով, որ դա հանցագործություն է։  «Հայաստան» դաշինքի պատգամավորի խոսքով՝ մեծ հնչեղություն ունեցող ընտրակաշառքի դեպք արձանագրված չէ։ Խաչատրյանը բացատրեց, որ խոսքը ընտրությունների ժամանակ շտաբների քանակի մասին է։ Արթուր Ղազինյանը նշեց, որ դա կապ չունի։

«Կա հաստատված ընտրական ֆոնդ, և ձևավորվում է այնքան ընտրական շտաբ, որքան կարողանում է։ Որևէ օրենքի խախտում չկա»,-բացատրեց Ղազինյանը։

Այնուհետև Ղազինյանը հիշեցրեց ընտրություններից առաջ տպագրված անձնագրերի թվի մասին՝ նշելով, որ ունի ողջամիտ կասկածներ։

«Հենց հիմա առաջարկում եմ կազմակերպել աշխատանքային քննարկում այդ հարցով»,-առաջարկեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։