Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես Հայաստանում տուբերկուլոզի հաստատված դեպքերը դարձան 346 (տեսանյութ)

50-ամյա տղամարդը մեկն է այն 63 հիվանդներից, որոնք ստացիոնար բուժում են ստանում Թոքաբանության ազգային կենտրոնում։

 

«Վարակվելը պատահական է եղել, գրիպ եմ ընկել, հետո գնացել եմ ստուգվել,  ուղարկել են այստեղ, ասել են,որ էդ հիվանդությունն է, հիմա եկել,  բուժվում եմ»,- պատմում է տղամարդը։  

 

Կարճ ժամանակում  նրա մոտ դրական դինամիկա է նկատվում։

 

«Արդեն հինգ օր ա, տարբերությունը շատ ա, զգում եմ, որ դեպի լավն եմ գնում։ Փոփոխություններ շատ կան»,-ասում է տղամարդը։

 

Թե  ումից և ինչպես է վարակվել,  ինքն էլ չգիտի։ Հոսպիտալացված քաղաքացին անկաշկանդ շրջապատին հայտնել է, որ վարակվել է տուբերկուլոզով,  ասում է՝ նախկին կարծրատիպերը վաղուց կոտրվել են։

 

«Սաղի հետ էլ կարող է պատահի, աշխատում եմ իրանք էլ են աշխատում, մարշուտակ են նստում, ինչ իմանա ով ինչ հիվանդություն ունի»,- նկատում է քաղաքացին։

 

«Տուբերկուլոզը հանդիսանում է անթրոպոնիզ հիվանդություն՝ այսինքն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով,  ախտահարում է մեծ մասամբ թոքերը և մյուս օրգան-համակարգերը»,-պարզաբանում է ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, թորակալ-վիրաբույժ Արտակ Մանուկյանը։

 

 

Տուբերկուլոզի առաջին ախտանիշներն են՝ հազ, արյունախում, երբեմն ջերմության բարձրացում։ Մասնագետները հորդորում են նման դեպքերում անհապաղ դիմել բժշկի

 

«Պետք է նշեմ, որ  ՀՀ-ում հակատուբերկուլոզային բուժումն անվճար է։ Եվ իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ Եվ անվճար է ոչ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց համար»,- նշեց թորակալ-վիրաբույժ Արտակ Մանուկյանը։

 

Հանրապետության առաջնային օղակի բոլոր բուժ հաստատությունները՝ պոլիկլինիկաներն ունեն տուբերկուլոզային կաբինետներ։

 

«Երբ հիվանդի մոտ ախտորոշվում է տուբերկուլոզային հիվանդություն,  հիվանդն ուղեգրվում է  ԹԱԿ, կենտրոնում հստակ որոշվում է հիվանդի բուժման սխեման։ Եթե բացիլակիր է,  հոսպիտալացվում է»,-ասում է բժիշկը։

 

Միս, թարմ կաթնամթերք,ծովամթերք, միրջ-բանջարեղեն ։ Սրանք տուբերկուլոզով հիվանդ պացիենտների սննդակարգի հիմնական  բաղադրիչներն են։

 

«Տուբերկուլոզով վարակվելիս տեղի է ունենում մարմնի կշռի կտրուկ անկում։Այդ իսկ պատճառով ՏՈՒԲ-ով հիվանդ տալիս են բարձր կալորիականությամբ սննդամթերք՝ օրական 3 անգամյա ռեժիմով»,- նշում է Թոքաբանության ազգային կենտրոնի վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը։

 

Տուբերկուլոզով չհիվանդանալու համար պատասխանատուները հորդորում են առողջ ապրելակերպ վարել՝ զբաղվել սպորտով, հնարավորինս հաճախ մաքուր օդ շնչել, սնվել առողջ և ամենակարևորը՝ չծխել։

 

Հայաստանում տուբերկուլոզ հաստատված և բուժվող պացենտների թիվը 346 է։

Մանրամասները՝ տեսանյութում։