Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դահլիճը ձայնակցեց Դոմինգոյին

Մշակույթ
78568907e81807030a3c7bb65a177d98

Պետք է մոռանաս սեփական զգացմունքներդ` ներկայացնելու  զգացմունքային այն հեղեղը, որը ծնվեց այս երեկո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
« Մեղավորը» աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն էր:

«Ափսոս, որ այսքան տարի անցավ, եւ այսքան երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ես հասնեմ Հայաստան» ,- ասաց Պլասիդո Դոմինգոն:
Համերգը տեւեց մոտ երեք ժամ:Նրա հետ ելույթ ունեցան նաեւ պուերտոռիկացի սոպրանո Աննա Մարիա Մարտինեսը, Ռոզի Անուշ Սվազլյանը եւ Բարսեղ Թումանյանը:

Իսպանացի լեգենդը հայ հանդիսատեսի` հոտընկայս, բուռն, չդադարող ծափերից հետո կատարեց լրացուցիչ եւս մի քանի համար: Իսկ երբ հնչեց «Բեսամե մուչոն», դահլիճը միացավ նրան:

«Անհասանելին դարձավ հասանելի»,- ասաց հանդիսատեսներից մեկը: Մեկ ուրիշը չկարողացավ զսպել իրեն. «Վերջապես արժանապատիվ համերգ»:

Իսկ դահլիճում ոչ միայն Սերժ Սարգսյանն էր, բարձրաստիճան պաշտոնյաններ, նախկին ու ներկա քաղաքական գործիչներ, այլեւ գիտնականներ,մտավորականներ, հոգեւորականներ եւ իհարկե` երաժիշտներ ու ուսանողներ: Համերգի վերջում  իսպանացի տենորը բեմ հրավիրեց Գեղամ Գրիգորյանին:

Համերգը կազմակերպվել էր «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում:   Ի դեպ, համերգի վերջում անակնկալ էր. Պլասիդո Դոմինգոն «Փարոս» հաշմանդամների երգչախմբի հետ հայերենով կատարեց «Էրեբունի-Երեւան» -ը:

Իսպանացի լեգենդար տենորն իր կատարողականությամբ այնպես հիացրեց հայ հանդիսատեսին, որ նրանք մոռացան, որ համերգը սկսվեց 40 րոպե ուշացումով. եւ շատերը մի կերպ էին հասել համալիր` կառավարական մեքենաների խցանումների պատճառով: