Թատրոն, որը հանդիսատես է կրթել (տեսանյութ)
Մեկ տարի ուշացումով իր 80-ամյա հոբելյանը նշեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որն իր պատմության էջը բացել է 1929 թվականի նոյեմբերի 29-ին ռուս դրամատուրգ Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ:
Այս թատրոնում են իրենց ստեղծագործական ուղին սկսել Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Գուժ Մանուկյանն ու Էդգար Էլբակյանը: Այս թատրոնը ղեկավարել են Հրաչյա Ղափլանյանը, Զավեն Տատինցյանն ու Մարատ Մարինոսյանը:
Նվերներով ու ջերմ ողջույնի խոսքերով էին եկել մայրաքաղաքի մյուս թատրոնների դերասաններն ու ռեժիսորները` շնորհակալություն հայտնելու այն թատրոնին, որը հանդիսատես է կրթում մեծ թատրոնների համար:
Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, ներողություն խնդրելով մայր թատրոնից, ասաց, որ իրենց համար որպես մայր թատրոն Պատանի հանդիսատեսն է, քանի որ այս թատրոնն է տվել առաջին դերասանական կազմը:
Պատանի հանդիսատեսի դերասաններն էլ հյուրերին դիմավորեցին երաժշտական կատարումներով ու ներկայացումներից փոքր հատվածներով:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի մտահոգությունը երիտասարդ կադրերի պակաս չունեցող թատրոնի ֆինանսական խնդիրներն են:
Այսուհետ թատրոնը ունի իր հիմնը, որը գրել է Ստեփան Բաբա-Թորոսյանը, ու համացանցում իր վեբ-կայքը: