Ճիշտ է հայերեն չգիտենք, Հայաստանում չենք եղել, բայց հայությունը մեր մեջ միշտ զգում ենք․ Ռեմի Փանոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը՝ փետրվարի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում և Մեցցո ակումբում հանդես կգա Ռեմի Փանոսյան ջազ տրիոն։
Համերգը կազմակերպել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ջազի հայկական ասոցիացիան և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։
Ռեմի Փանոսյան տրիոն, որը ստեղծվել է 2009 թվականին, ներկայացնում է կրքոտ, լիրիկական, հնարամիտ և էկլեկտիկ ջազ ՝ համեմված ռոքի էներգիայով։
«Գիտեմ, որ ջազը հայկական երաժշտարվեստում շատ գնահատված ու արժևորված ժանր է։ Եվ այս ոլորտում շատ հայտնի երաժիշտներ կան։ Հենց այս առումով էլ հրավիրել ենք Ռեմի Փանոսյան ջազ տրիոյին։ Այս տղաները շատ նորարար են ու մի փոքր խենթ, և երբեք չես իմանա, որտեղ կարող է տանել նրանց երաժշտությունը։ Նրանք, կարծես հրավիրում են ձեզ մի նոր, անծանոթ իրականություն։ Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը կգնահատի նրանց կատարումները»,- համերգից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։
«Ա1+»-ի հարցին, թե որքանով է իրեն հայ զգում, Ռեմի Փանոսյանը պատասխանեց․ «Շատ մտերիմ էի պապիկիս հետ, նա անցյալ դարասկզբին էր գաղթել Ֆրանսիա։ Նրանից շատ պատմություններ եմ լսել հայերի, Հայաստանի մասին։ Սակայն ոչ հայրս, ոչ պապիկս Հայաստանում չեն եղել։ Իմ ընտանիքում ես առաջինն եմ, ով այցելում է Հայաստան։ Ես Ֆրանսիայում ծնված երկրորդ սերունդն եմ։ Իմ նման հայ ընկերներ ունեմ։ Ճիշտ է հայերեն չգիտենք, Հայաստանում չենք եղել, բայց հայությունը մեր մեջ միշտ զգում ենք։ Երեկ ռեստորանում երբ հայկական մեղեդի լսեցի՝ արտասվեցի»։