Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչքան էլ համակրենք ուկրաինացիներին, չպետք է մոռանանք Ադրբեջանին սատարելու փաստը․ Սոսի Թաթիկյան (տեսանյութ)

Հայաստանի հանրապետության արտգործնախարարության նախնական դիրքորոշումը միակ հնարավոր ողջամիտ դիրքորոշումն էր, որն այս իրավիճակում հնարավոր է։

Միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը այսպես գնահատեց ԱԳՆ-ի արձագանքը։

Նրա խոսքով՝ տարբեր կողմերից Հայաստանի հանրապետության վրա կարող են լինել ճնշումներ և շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա առաջնորդվել սառը դատողությամբ։

Թաթիկյանի կարծիքով Հայաստանը պետք է  հնարավորին չափ նվազեցնի վտանգները, քանի որ այս իրավիճակում նրա համոզմամբ տուժելու են բոլոր ներգրավված պետությունները և կազմակերպությունները։

«Տեղի է ունենում աշխարհաքաղաքական շահերի և արժեհամակարգերի մեծ բախում։ Տվյալ պարագայում ինչքան քիչ Հայաստանի Հանրապետությունը դիրքորոշումներ հայտնի,  այնքան ճիշտ կլինի»,- ասում է նա։

Սոսի Թաթիկյանի դիտարկմամբ,  եթե Հայաստանը այս հարցում սատարի Ռուսաստանին,  ապա մեզ սպասվում է քաղաքական մեկուսացումն  Արևմուտքի կողմից։ Ուկրաինային սատարելու դեպքում էլ մենք խնդիրներ ենք ունենալու անվտանգության ոլորտում։

«Մենք հիմա պետք է կենտրոնանանք հենց մեր սահմանների պաշտպանության վրա, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը շեղվել է այս տարածաշրջանից,  այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի ուշադրությունը։ 

Ես վստահ եմ, որ Ադրբեջանը դրանից կփորձի օգտվել թե՛ մեր սահմանների շրջանում,  թե՛ նաև Արցախում» նկատում է Թաթիկյանը։

Նրա խոքով՝ պետք է հասկանալ,  թե ինչպես կարելի է նվազեցնել հնարավոր ռիսկերը Արցախում։

Հաջորդ խնդիրը,  ըստ Սոսի Թաթիկյանի,   Արցախի հակամարտությունը Դոնբասի հակամարտության հետ ասոցացնելն է։

Նրա խոսքով՝  դրանք տարբեր բաներ են և այն չպետք է ընկալվի որպես անջատողական շարժում։

«Իհարկե,  մենք չպետք է մոռանանք նաև, որ Ուկրաինան Ադրբեջանին բավականին աջակցում էր պատերազմի ժամանակ։ Ինչքան էլ, որ Հայաստանում, որոշ շրջանակներ համակրանք ունենան ուկրաինական ժողովրդի հանդեպ,  մենք չենք կարող մոռանալ այդ փաստը,-գտնում է Թաթիկյանը