Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եզդի ժողովուրդը ցանկանում է փրկել իր ինքնությունը, իր տեսակը. Խդր Թամոյան (տեսանյութ)

2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում «Իսլամական պետություն» խմբավորումը  ցեղասպանություն է իրականացնում  եզդի ժողովրդի նկատմամբ։  Հազարավոր անմեղ բնակիչներ թրատվում  են, գնդակահարվում և սովամահ լինում։ Այս փաստը աշխարհի տարբեր անկյուններում ապրող եզդիներին ստիպում է միավորվել։

Հայաստանում եզդիների ազգային միության նախագահ Խդր Թամոյանը նշում է, որ իրենք սկսել են եզդիների ինքնավարության ստեղծման նախագիծ, որով կմիավորվի եզդի ժողովուրդը․ «Մենք, այո, սկսել ենք մի ծրագիր, միասնության ծրագիր, որով համախմբում ենք աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կոմպակտ բնակեցված համայնք ունենք, միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, աշխարհին ասելու, որ մենք եզդի ենք, մեր ինքնությունը ճանաչեք որպես եզդի և մենք Իրաքի հյուսիսային հատվածներում՝ մեր պատմական տարածքներում,  ստեղծենք ինքնավարություն»։

Իրաքում ստեղծվել է եզդիների ավագանիների խորհուրդ, որն իր շուրջն է հավաքում աշխարհի տարբեր երկրներից եզդիների։

Ըստ Թամոյանի՝ Միավորված ազգերի կազմակերպությունում ավագանիների խորհուրդը կունենա իր ներկայացուցիչը։ Նա նաև կարեւորում է միջազգային հարթակներում եզդիների իրավունքների պաշտպանման հարցում Հայաստանի իշխանությունների աշխատանքը․ «Յուրաքանչյուր հարցում մեր պետությունը մեր կողքին կանգնած է, չպետք է ուրանալ այդ փաստը, չպետք է ուրանալ նաև այն, որ , երբ որ 2014 թվականին եզդիների ցեղասպանությունը եղավ, առաջին երկրներից մեկը, որ միջազգային հարթակում, ՄԱԿ-ում տվյալ դեպքում,   խոսեց եզդիների ջարդերի մասին, Հայաստանն էր»։

Եզդի ակտիվիստ Միլենա Մամոյանը նշում է, որ աշխարհի տարբեր երկրներից եզդի երիտասարդները մշտապես կապի մեջ են և ձեռնարկում են մի շարք քայլեր, որոնք կմիավորվեն միասնության գաղափարի շուրջ․ ներկա Պահին ստեղծվել է կայք, որի նպատակն է ամբողջ աշխարհի եզդիներին համախմբել։ Այդ կայքի միջոցով գրանցվում են բոլոր եզդիները, իրենց կոնտրակտները տրամադրում են, որպեսզի մենք կապ հաստատենք իրենց հետ, և դրա նպատակը եզդիներին համախմբելն է։

Առաջիկայում Մոսկվայում անց է կացվելու կոնֆերանս, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից եզդի ներկայացուցիչներ, հետազոտողներ և գիտնականներ։ Կոնֆերանսի  նպատակն է լինելու եզդիների ինքնության ճանաչման գործընթացի մի շարք հարցերի քննարկումը։