Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Համաձայն չեմ դատավորների հնչեցրած գնահատականների հետ․ Գլխավոր դատախազի տեղակալ (տեսանյութ)

Համաձայն չեմ դատավորների հնչեցրած գնահատականների հետ․ այս մասին այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատական նիստից հետո,  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարայանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյան 93 դատավորների համատեղ հայտարարության տեքստում նշած դիտարկմանը, թե հետապնդում է իրականացվում դատավորների նկատմամբ։

«Մի անձնական կարծիք հայտնեմ։ Յուրաքանչյուրի անկախությունն իր մեջ է։ Եվ ես ցավում եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պետք է անկախ լինի, ինքն արձանագրում է, որ ինքն անկախ չէ, կամ համակարգն անկախ չէ։ Դատական համակարգը անկախ լինում է անկախ դատավորներով»,- ասաց Գլխավոր դատախազի տեղակալը՝ նշելով, որ ինքը հայտարարության տեքստը չի կարդացել։

«Ինչ վերաբերում է Բորիս Բախշիյանի դատական գործին, ապա դրա հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն։ Բացատրեմ՝ ինչու ճիշտ չեն։ Դեռ այն փուլում, երբ որևէ տվյալ չեն հրապարակվել Բորիս Բախշիյանի գործի վերաբերյալ և որևէ մեկը չգիտեր, թե ինչին է վերաբերում այն, և դատավորների կողմից, և մասնագիտական կառույցների կողմից մտահոգությունների տեսքով հրապարակումներ եղան, որոնք սկսեցին գործընթացը կապել այլ հանգամանքների հետ»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ այդ դատողությունները օբյեկտիվ լինել չեն կարող։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ԵԴ/0253/01/19 գործով հերթական նիստն սկսվել է ընդմիջումից։ Դատական նիստից բացակաում էր  ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 15-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։