Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գրին քարտ շահած քաղաքացիները հարցազրույցի չեն կանչվում․ բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Այսօր Ծովակալ Իսակովի արձանի մոտից մեկնարկեց DV -2022 Հայաստանյան Գրին քարտի շահառուների բողոքի ակցիան: Շահառուներն արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ Հայաստանից շահառուներ չհրավիրելու պատճառները:

Ակցիայի մասնակիցները Իսակովի արձանի մոտից քայլերթով մոտեցան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։

«Ա1+»-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշեցին, որ 2021 թվականի մայիս ամսից շահել են Գրին քարտ, բայց մինչ օրս իրենց չեն կանչել հարցազրույցի։ Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ մինչև սեպտեմբեր չեն կանչի իրենց հարցազրույցի և ավտոմատ կկորցնենք ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ շուրջ 2000 քաղաքացի Գրին քարտ է շահել, բայց հարցազրույցի կանչել են միայն 4 հոգու, ինչպես նաև նշեց, որ իրենց չեն կանչում, բայց Իրանի քաղաքացիներին կանչում են հարցազրույցի։

Հարցին՝ կասկածներ ունեք, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս չեն արձագանքել դեսպանատնից, քաղաքացիներն ասացին՝ իրենց ԱՄՆ դեսպանատնից պատճառաբանել են, որ խնդիրը քովիդն է։ Այս դիտարկմանն էլ ԱՄՆ մեկնել ցանկացողները հակափաստարկ են բերում, թե Հայաստանն այս պահին գտնվում է կանաչ գոտում և նման պատճառաբանություններն անհիմն ու անտեղի են։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսին, ովքեր մի քանի անգամ դիմել և իրենց խոսքով ասած՝ վերջապես Գրին քարտ են շահել, հետաքրքրվեցինք, թե որն է երկրից հեռանալու պատճառը։

Նրանցից շատերը պարզաբանեցին, թե իրենց երկիրը չեն լքում, սիրում են հայրենիքը, բայց ցանկանում են գնալ, աշխատել՝ ընդգծելով, որ նման փորձ կա աշխարհի բոլոր երկրներում։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ ինքն ունի իրավաբանական կրթություն, ինը անգամ մասնակցել է Գրին քարտի խաղարկությանը և այս անգամ բախտը բերել է։ Հայրենիքից էլ հեռանում է նաև անվտանգային խնդիրների պատճառով։

Ակցիայի մասնակիցները «Ա1+»-ի հետ զրույցի ընթացքում նշեցին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղյակ են իրենց ակցիայի մասին, և իրենք ակնկալում են, որ բողոքի ձայնը, խնդրանքը ի վերջո տեղ կհասնի։

Մանրամասները՝ տեսանյութում։