Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սառա Ալ Ամիրիի հետ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու նախարար Ալ Ամիրին քննարկել են գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։