Հաջորդ գործողությունը կլինի այն, որ ժողովուրդն իր բողոքի ձայնը կբարձրացնի․ Փարաքարում «Ապրելու երկիր» խմբակցության համայնքի ղեկավարի թեկնածու
Աջակցիր «Ա1+»-ինԲախումներից խուսափելու համար Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները վայր դրեցին մանդատները։
«Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Փարաքարում «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը՝ պարզաբանելով՝ ինչու վայր դրեցին ավագանու անդամները իրենց մանդատները։
Հիշեցնենք՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում հավաքել է 49% ձայն։
«Այդ պահին համերաշխության ֆոն էր պետք ստեղծել։ Մենք բոլորին հորդորել էինք օրենքը պահել, բայց մենք ականատես էինք լինում, որ օրենքը չի պահպանվում և հանրային գործողություններ են կատարվում և միանշանակ տարաձայնություններ էին լինելու, հավաքվելու էին համայնքի բնակիչները և ուրիշ բան էր ստացվելու, որը ոչ մեկիս պետք չէր»,-ասաց Գրիգորյանը։
Համայնքապետի թեկնածուն նշեց, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը, 03․01․2022թ․ դիմել է ՀՀ կառավարությանը Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու խնդրանքով, բայց մինչև այս պահը նորություն չունեն։
«Օրենքում հստակ գրված է՝ երկշաբաթյա ընթացքում, եթե չի ձևավորվում համայնքի ղեկավար պաշտոնը, ապա տվյալ համայնքում պետք է անցկացվեն ավագանու նոր ընտրություններ։ Ժամկետը լրացել է հունվարի 3-ին։ Ավագանու նիստ չի կայացել, հունվարի 5-ին կրկին դիմել եմ Կառավարությանը, հունվարի 7-ին նույնպես նիստ չի եղել և միայն 19-րդ օրն է տեղի ունեցել ավագանու նիստ»,- ասաց Վալոդյա Գրիգորյանը նշելով՝ ստացվում է, որ Կառավարությունն էլ է սատար կանգնում այս անօրենությանը։
«Եթե կառավարությունից արձագանք չլինի հաջորդ գործողությունը կլինի այն, որ ժողովուրդն իր բողոքի ձայնը կբարձրացնի Կառավարության դիմաց»․- եզրափակելով խոսքը ասաց Փարաքարում «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։
Նշենք՝ այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմելու է դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։