Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրեգան Երեւանում է (տեսանյութ)

Մշակույթ
3e34fba8dd0f0b218ed443dbb7cca37a

Երեկ երեկոյան «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Մարզահամերգային համալիրում բացառիկ համերգով հանդես եկավ սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչն իր «Հարսանեկան ու թաղման» նվագախմբով:

Գորան Բրեգովիչը աշխարհին հայտնի դարձավ որպես կինոյի կենդանի լեգենդ Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան անուրջներ» և «Անդերգրաունդ» ֆիլմերի երաժշտության հեղինակ:

Եվ միայն նրա արվեստի իրական երկրպագուները գիտեն և կամ հիշում են, որ Բրեգան, ինչպես նրան հայրենիքում են անվանում, 70-ականների հարավսլավական առաջատար «Սպիտակ կոճակ» ռոք-խմբի «Միք Ջագերն» էր, և որ Էմիր Կուստուրիցան բաս կիթառ էր նվագում նրա խմբերից մեկում:

Մինչ լրագրողներն ու պարզապես հետաքրքրասերները փորձում են պարզաբանել, թե ինչու նրանք այլևս չեն համագործակցում, մարդիկ վայելում են այս տաղանդների համագործակցության և ընկերության արդյունքում ծնված ֆիլմերն ու սաունդտրեկները: «Կյանքն այդքան էլ երկար չէ, որ նվիրես միայն ֆիլմերի համար երաժշտություն գրելուն»,- ասաց Բրեգովիչը:

«Ա1+»-ի հարցին, թե Քեմալ Աթաթուրքին նվիրված «Մուստաֆա» վավերագրական ֆիլմի առիթով ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում ինչու է նրան արժևորել որպես դարի նշանավոր դեմք, Բրեգովիչը պատասխանեց.

«Երբ ինձ առաջարկեցին աշխատել ֆիլմում, որտեղ ի դեպ խոսվում է նաև ձեր ողբերգության մասին, ես առանց որևէ նախապայմանի ընդունեցի, քանի որ կարծում եմ` կարևոր է այդ դարաշրջանի մասին լավ ֆիլմ նկարահանել: Ցույց տալ կարևորությունը մեկ մարդու, մեկ երկրի, մեկ կրոնի, որը կարողացավ նշանակալից դեր խաղալ տվյալ ժամանակաշրջանում: Թուրքիայի դերը այս տարածքում շատ կարևոր է և հետագայում էլ պակաս կարևոր չի լինի: Ես Սարաևոից եմ և մենք էլ 500 տարի եղել ենք թուրքերի լծի տակ»:

Ի դեպ, համերգն ապացուցեց նրա այն փաստարկը, որ երբ կրոնն ու քաղաքականությունը գալիս են բաժանելու մարդկանց, երաժշտությունը կարող է միավորել: