Իսկ ապուշները՝ ապուշներն ի՞նչ է, մարդ չե՞ն․ Լեւոն Ներսիսյանը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր նա կդառնար 90 տարեկան։ Նրան սիրում էին ու սիրահարվում հազարավոր երիտասարդներ ... Նրան լսելու համար լսարան էին գալիս նաեւ նրանք, որոնց չէր դասավանդում։ Նրանք բնութագրում էին տարբեր բառերով՝ լեգենդ, հանճար, քաղքենիության, ստի, կեղծիքի թշնամի։ Նա Լեւոն Ներսիսյանն է, գրականագետ, դերասան, գեղագետ, դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին։
«Ասում են՝ մարդը Homo Sapiens է, այսինքն՝ բանական արարած: Հիմա հարց տամ ձեզ՝ իսկ ապուշները՝ ապուշներն ի՞նչ է, մարդ չե՞ն: Մարդ են… Իբր թե բանականությունը տարբերում է մարդուն անասնական աշխարհից. շատ թեական պատասխան է: Ասում են՝ մարդը տարբերվում է ուրիշ դասերից զգացմունքներով: Իբր մարդը սիրել գիտի, ատել գիտի, իբր անասունը չգիտի: Մինչդեռ ի՞նչ սեր, երբ մարդիկ հազարամյակներով իրար կոտորել են, դավաճանել են, իսկ այնքան կան լավ գազանիկներ, որոնք երբեք ոչինչ իրար չեն արել…»,- սա մի հատված է Լևոն Ներսիսյանի դասախոսություններից
Նա 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-57թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-59թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում («Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»): 1957թ-ից ԵՊՀ-ում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961թ-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965թ-ից` ավագ դասախոս, 1992-94թթ՝ դոցենտ:
Ի դեպ, 1999թ նոյեմբերի 27-ին, երբ մահացավ Լեւոն Ներսիսյանը, վերջին հրաժեշտի համար նրա դին չթույլատրվեց դնել ԵՊՀ-ում, քանի որ գիտական աստիճան չուներ։
Ներկայացնում ենք Արայիկ Մանուկյանի ֆիլմը։