Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի հույսը Անի Պալյանն է

Սպորտ
ebb35f0ca1417ba4b3e9d5e437ba2ec5

Ուկրաինայի հաշմանդամային լողի կանանց հավաքականը 2012 թվականի պարալիմպիկ խաղերին առաջին հերթին մեծ հույսեր է կապում հայազգի լողորդուհի Անի Պալյանի ելույթների հետ:

Վերջերս նա S7 կարգի մրցումներում այդ երկրի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոնուհի, իսկ անհատական մրցումներում ցույց է տվել չորրորդ արդյունքը, ետ մնալով միայն ԱՄՆ-ի 3 մարզուհիներից: Ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները, Անի Պալյանը մինչ այսօր տարբեր մրցումներում նվաճել է 34 մեդալ, որոնցից 32-ը` ոսկե փայլ ունեն:

Հայազգի լողորդուհին ծնվել է 1990 թվականին, Թբիլիսիում: Մեկ տարի անց նրա ծնողները ստիպված տեղափոխվել են Սիմֆերոպոլ, որպեսզի ծանր հիվանդությամբ տառապող (ստորին վերջույթների կաթված) իրենց դուստրը հնարավորություն ունենար ցեխի բուժումներ ընդունել Սաքիի առողջարանում:

Անին սկզբում լողով զբաղվել է իր ընդհանուր առողջական վիճակը պահպանելու համար: Սակայն 10 տարեկանից նա սկսել է կանոնավոր մարզումներ անցկացնել եւ մասնակցել մրցումներին: Վեց տարի անց հայազգի լողորդուհին լրացնում է սպորտի վարպետի նորմը եւ դառնում Ուկրաինայի հավաքականի անդամ:

20-ամյա Անին արդեն հատուկ ծրագրով պատրաստվում է 2012 թվականի պարալիմպիկ խաղերին: Նրա հետ աշխատող մասնագետները գտնում են, որ նա լավ հնարավորություններ ունի դառնալու հաղթող այդ խաղերում: