Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այս մարդիկ ապիկար են, իրենք ընդամենը կատարել են Ռուսաստանի կենտրոնի հրահանգները․ Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ պատերազմի պարտության ռազմական և քաղաքական պատճառներին։ Նա մասնավորապես նշեց, որ ամեն ինչ պայմանավորված է եղել քաղաքական -ռազմավարական պատճառներով, թեպետ, նրա խոսքով, սարսափելի ձախողումներ ենք ունեցել բոլոր մակարդակներում։

«2018 թվականի «չհեղափոխությունից» հետո, երբ հնարավոր եղավ ստեղծել ժողովրդի մոլորվածության  բացարձակ մի վիճակ, գաղութային ադմինիստրացիան ազատեց իր ձեռքերը և պայմանավորված պատերազմը սպասարկելով՝ մեզ բերեց հասցրեց այս աղետի շեմին»,- նշեց Վարուժամ Ավետիսյանը։

Նա նկատեց․ «Այդ հակապետական կառավարման համակարգն ամբողջությամբ իմիտացիոն է։ Այն, ինչ անում է նա որպես դրական, իրականում իմիտացիա է, արվում է նվազագույնը՝ զուտ վարչական ադմինիստրատիվ կառավարման պահանջների չափով և տրամաբանությամբ։ Նրա խորքային առաքելությունը հայոց պետականության վերացումն է և դրանով էլ զբաղված է այս համակարգը»։

Վարուժան Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի կողմից տեղի է ունեցել պարտության արդյունավետ վերահսկողություն։

«Ամբողջությամբ ստանձնելով հակապետական կառավարության անմիջական վերահսկողությունը, Ռուսաստանը սկսեց վերահսկել պատերազմի կառավարումը՝ սահմանափակումներ մտցնելով զենք-զինամթերք տալու առումով, համապատասխան թիրախներին խոցել-չխոցելու առումով, տարատեսակ խոչընդոտներ ստեղծել նաև ուրիշներից օգնություն ստանալու առումով»,- նշեց նա ՝ հավելելով, որ  Ռուսաստանը լայնորեն աջակցել է մեր թշնամիներին՝ տալով մեր վերաբերյալ համապատասխան տեղեկություններ։

Ինչ վերաբերում է պատերազմի կառավարմանը, բանախոսը նշեց, որ ինչքան էլ կազմակերպված է եղել պատերազմի պարտությունը, հակապետական կառավարման համակարգը նաև ինքնին ամուլ էր․ «Քաղաքական կառավարման մասին էլ չխոսենք, բացարձակապես այս մարդիկ ապիկար են, իրենք ընդամենը կատարել են Ռուսաստանի կենտրոնի հրահանգները»,-նշեց Վարուժան Ավետիսյանը։