Ինչու հիմա չեն ծնվում սպենդիարյաններ․ պրոպագանդել է պետք․ Արամ Սաթյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանում և Արցախում նշում են հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը, ծննդյան 150-ամյակը։
Կոմպոզիտորի անունը կրող երեք մշակութային հաստատությունները՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, տուն-թանգարանը և երաժշտական մասնագիտական դպրոցը կազմակերպել էին հոբելյանական մեծ միջոցառում։
Հոբելյանական միջոցառումների շարքը մեկնարկել է 2021 թվականի հունվարից։ Համերգներ են կազմակերպվել նաև Ավստրիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Վրաստանում։
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ընդգծեց, որ այն, ինչ արել է Սպենդիարյանը, գնահատանքի չափանիշ չունի և ընդամենը կարող ենք գլուխ խոնարհել ու հետևություն անել, որ եթե մենք այսօր չշարունակենք հանրահռչակել հայկական երաժշտությունը՝ կդառնանք քոչվոր ազգ։
«Հիմա շատ են նմանատիպ արտահայտությունները, թե ինչու չեն ծնվում սպենդիարյաններ ու խաչատրյաններ։ Հիմա էլ կան, վստահ եմ»-, ասաց նա, հավելելով, որ պետք է պրոպագանդել մեր ժամանակակից կոմպոզիտորներին, կատարել ու գնահատել։
Երաժշտագետ Արմեն Բուդաղյանն իր խոսքում առանձնահատուկ գովասանքով անդրադարձավ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գործունեությանը, որը անգնահատելի ներդրում ունի կոմպոզիտորի հանրահռչակման գործում։
1924թ․-ին, երբ Ալեքսանդր Սպենդիարյանը Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստան, գրեց, որ այսուհետ իր գործունեությունը նվիրելու է Հայրենիքին։ Նրա նպատակներից էր գրել մի գործ, որն իր մեջ ամփոփելու էր հայ ժողովրդի պատմությունը։ Ավաղ չհասցրեց։
Մանրամասները՝ տեսանյութում