«Բանանցը» հաղթեց եւ պահպանեց 1-ին տեղը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ տուրի խաղերից հետո մրցաշարային աղյուսակը մնաց անփոփոխ:
Մրցաշարի առաջատար Երեւանի «Բանանցը» իր հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»` 5:0: Այն ավելի մեծ կլիներ, եթե դաշտի տերերը ընդմիջումից հետո չթուլացնեին խաղի տեմպը:
«Այսօր թիմը խավ խաղաց, հատկապես առաջին խաղակեսում: Երկրորդում մենք համեմատաբար զգույշ էինք գործում, քանի որ ֆուտբոլիստների մեծ մասը դեղին քարտեր ունեին եւ կարող էին նորը ստանալ ու բաց թողնել «Փյունիկի» հետ կարեւոր հանդիպումը», - խաղից հետո «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին:
Իսկ ահա «Գանձասարի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանը անչափ դժգոհ էր իր թիմի ֆուտբոլիստների խաղից: «Սա մեր թիմի ամենավատ խաղն էր այս մրցաշրջանում: Ֆուտբոլիստներ կային, որոնք պարզապես քայլում էին խաղադաշտում: Մեզ պետք չեն այդպիսի խաղացողներ, որոնք խայտառակում են բոլորիս, եւ ստիպված ենք լինում գլուխներս կախած հեռանալ խաղադաշտից»:
Երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 1:0 նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ուլիսին» եւ շարունակում է հետապնդել միանձնյա առաջատար «Բանանցին»:
25-րդ տուրի մյուս երկու խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Միկա» - «Շիրակ»` 5:1, «Իմպուլս» - «Կիլիկիա»` 2:0:
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Մ
1. Բանանց 25 58
2. Փյունիկ 25 56
3. Ուլիս 25 48
4. Միկա 25 43
5. Իմպուլս 25 31
6. Գանձասար 25 24
7. Կիլիկիա 25 15
8. Շիրակ 25 9