Պարտվեցին
Պլովդիվում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Երեւանի «Միկայի» տղամարդկանց եւ կանանց թիմերը անհաջող հանդես եկան վճռորոշ, նախավերջին տուրում եւ կորցրին չեմպիոն դառնալու հնարավորությունները:
Մեր շախմատիստները մրցեցին առաջնության առաջատար «Էկոնոմիստ» (Ռուսաստան) թիմի հետ: Հաղթանակի դեպքում հենց «Միկան» կբարձրանար առաջին հորիզոնական: Սակայն 6 պարտիաներից հինգն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա Արման Փաշիկյանը զիջեց Դմիտրի Անդրեյկինին: Այս սայթաքումից հետո «Միկան» դուրս մնաց չեմպիոնական պայքարից: Վեց տուրից հետո մեր թիմը վաստակել է 9 միավոր եւ գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Վերջին, 7-րդ տուրում, «Միկան» կհանդիպի գերմանական «Բադեն Բադեն» թիմի հետ: Մրցանակային տեղ գրավելու համար մեր թիմին պարտադիր անհրաժեշտ է խոշոր հաշվով հաղթանակ տանել: Իհարկե, դա էլ ոչինչ չի տա, եթե 2-ական միավոր վաստակեն նաեւ առջեւում գտնվող գլխավոր մրցակիցները` Ռուսաստանի «Յուգրան» եւ ադրբեջանական «ՍՈԿԱՐ»-ը:
«Միկայի» կանանց թիմը այս տուրում 1:3 հաշվով պարտվեց Մոնտե Կառլոյի «Սերկլ Էխո» թիմին, որի կազմում հանդես են գալիս տարբեր երկրների ուժեղագույն շախմատիստուհիներ: Ավաղ, այս անգամ մեր թիմն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը տանուլ տվեցին իրենց պարտիաները, իսկ Դրոնավալի Հարիկան ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին:
Վերջին տուրից առաջ «Միկան» վաստակել է 7 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը: Հաջորդ խաղում մեր շախմատիստուհիները մրցելու են բուլղարական «Լոկոմոտիվ 2000»-ի հետ: Հաղթելու դեպքում «Միկան» առավելագույնը կարող հավակնել 3-րդ տեղին, սակայն դա կրկին կախված կլինի մեր թիմի գլխավոր մրցակիցների ելույթներից: