Հարձակում ֆուտբոլիստի տան վրա
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով դուրս է գալիս ակումբի վերահսկողությունից:
Այսօր առավոտյան ակումբի մոտ 40 ծայրահեղական երկրպագուներ փորձել են մտնել ֆուտբոլիստի առանձնատուն, սակայն անվտանգության համակարգի պատճառով դա նրանց չի հաջողվել: Այդ մասին տեղեկացնում է «Սան» օրաթերթը:
Նրանք տան դիմաց հսկա պաստառ են փակցրել, որի վրա գրված է եղել. «Եթե ստորագրես «Սիթիի» հետ, համարիր, որ մեռած ես»: Ուեյն Ռունին զանգահարել է ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած ութ իրավապահները սկսել են ցրել կարգազանցներին, իսկ չենթարկվողներին` ձերբակալել:
«Մանչեսթր Յունայթեդի» երկրպագուների նման ակցիան պայմանավորված է նրանով, որ ակումբի ամենաոխերիմ մրցակիցը` «Մանչեսթր Սիթին», վերջերս գայթակղիչ առաջարկություն է արել ֆուտբոլիստին, եւ որ նրա գործակալն ամեն ինչ անում է տեղափոխությունը իրականացնելու համար, որպեսզի ինքը մեծ գումարներ վաստակի դրանից: