Հայաստան-Անդորա` 4:0 (տեսանյութ)
Քիչ առաջ « Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան - Անդորա ֆուտբոլային հանդիպումը: Հայաստանը հաղթեց 4:0 հաշվով: Սա թիմերի միջեւ 7-րդ հանդիպումն էր, որից 6-ն ավարտվել է Հայաստանի հաղթանակով, իսկ մեկը` ոչ-ոքի:
Մեր թիմը շատ ակտիվ սկսեց խաղը եւ արդեն 32-րդ րոպեին շոշափելի առավելություն ստացավ` 3:0: Գոլի հեղինակներ դարձան Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը:
Երկրորդ խաղակեսի սկիզբը անցավ նույն սցենարով եւ 52-րդ րոպեին Մարկոսը չորրորդ անգամ գրավեց Անդորայի հավաքականի դարպասը: Սակայն այդ գոլից հետո մեր ֆուտբոլիստները թուլացրին ճնշումը մրցակցի դարպասի վրա եւ այլեւս չկարողացան նոր արդյունավետ գրոհ կազմակերպել:
Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականն առաջին անգամ 3-ից ավելի գոլ խփեց մեկ խաղում, բացի այդ իր պատմության մեջ տարավ ամենախոշոր հաշվով հաղթանակը նախկինում մեր թիմը 3:0 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի եւ հենց Անդորայի ընտրանիների նկատմամբ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսին մեկնաբանելով հանդիպումը, ասաց, որ թիմի խաղի որակն այս անգամ բավական բարձր էր: «Ֆուտբոլիստները լիովին կատարեցին իրենց առջեւ դրած առաջադրանքը»:
«Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, արդյոք ճիշտ չէր լինի 4:0 հաշվից հետո թիմի առջեւ խնդիր դնել մնացած ժամանակում եւս մեկ գոլ խփել, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Ինձ խաղի հաշիվն արդեն լիովին գոհացնում էր»:
«Հայաստանի հավաքականը շատ արագ խաղ ցուցադրեց այսօր, որի արդյունքում շատ արագ էլ գոլեր խփեց, - խաղից հետո ասաց անդորացիների գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսը, - Մենք ստիպված փոխեցինք մեր մարտավարությունը եւ պաշտպանություն իջեցրինք փորձառու Լիմային, որը սկզբում միակ ընդգծված հարձակվողն էր: Հայաստանի գրոհների թափը թուլացնելու համար երկրորդ խաղակեսում ստիպված ավելի մեծ ուժերով սկսեցինք պաշտպանվել»:
"Եվրո-2012"-ի ընտրական խաղերում Հայաստանն արդեն 7 միավոր է վաստակել: