«Թույլ չտվեցի, որ ինձ վաճառեն»
Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը իր ակումբի` դանիական «Ռանդերսի» ղեկավարության որոշմամբ հիմնական թիմից տեղափոխվել է 2-րդ թիմի կազմ: «Ա1+»-ի մարզական լրագրողը անմիջականորեն դիմել է ֆուտբոլիստին, ով այժմ հավաքականի կազմում ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում, եւ խնդրել է պարզաբանել իր հետ տեղի ունեցածը:
«Այս տարվա ամռանը «Ռանդերսի» նախագահն ինձ ասաց, որ ես պետք է տեղափոխվեմ իրանական ակումբ՝ մատնանշելով, որ այնտեղ ավելի բարձր աշխատավարձ եմ ստանալու: Սակայն ես չհամաձայնեցի, քանի որ ցանկանում եմ հանդես գալ եվրոպական թիմում եւ շարունակել կատարելագործվել որպես ֆուտբոլիստ, այլ ոչ թե միայն փող աշխատել: Փաստորեն, ես նրան թույլ չտվեցի, որի ինձ լավ գումարով վաճառի: Նախագահը զայրացած ասաց, որ ինձ համար վատ կլինի, եթե չընդունեմ այդ առաջարկը, իսկ երբ օգոստոսի վերջին փակվեց տրանսֆերային պատուհանը, նա, որպես պատժամիջոց, ինձ տեղափոխեց 2-րդ թիմ»:
Ինչպես խոստովանեց Ռոբերտ Արզումանյանը, այդ որոշմանը նպաստել է նաեւ այն, որ իր նախկին գործակալը, առանց իրեն տեղյակ պահելու, հայտարարել էր, թե իբր իրեն հրավիրում են ռուսական ակումբները: «Այժմ ես համագործակցում եմ նոր գործակալի հետ, որը իրավաբան է եւ ավելի լավ է տիրապետում իրավական հարցերին: Նա այժմ բանակցություններ է վարում «Ռանդերսի» նախագահի հետ: Առայժմ ամեն ինչ նորմալ է ընթանում եւ հույս ունեմ, որ ձմռանը ինձ կհաջողվի տեղափոխվել մեկ այլ ակումբ»:
Ռոբերտ Արզումանյանը չի ցանկանում գուշակություններ անել եւ խոսել այն մասին, թե որ երկրում կամ ակումբում կշարունակի ելույթները, սակայն միանշանակ համոզված է, որ այլեւս հանդես չի գա «Ռանդերսում»: «Ակումբի ղեկավարությունը եթե ինձ առաջարկի մնալ թիմում, անգամ խոստանա ավելի լավ պայմաններ, միեւնույնն է, ես այլեւս չեմ ցանկանում մնալ թիմում»,-նշել է նա: