10 տարի անց Աղասին կմրցի Կուերտենի հետ
Ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին դեկտեմբերի 11-ին բարեգործական հանդիպում կանցկացնի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականազինյո» մարզադաշտում: Նա կհանդիպի բրազիլացի թենիսիստ Գուստավո Կուերտենի հետ:
Հանդիպման կազմակերպիչները պատրաստվում են ստեղծել այնպիսի պայմաններ, ինչպիսին եղել են 10 տարի առաջ Լոնդոնի միջազգային մրցաշարին, որի եզրափակիչում հանդիպել էին հենց Աղասին ու Կուերտենը: Այն ժամանակ բրազիլացի թենիսիստը հաղթանակ էր տարել եւ սկսել գլխավորել պրոֆեսիոնալ թենիսիստների դասակարգման աղյուսակը:
Նշենք, որ հանդիպումից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի Գուստավո Կուերտենի կողմից ստեղծված հիմնադրամին, որը օգնում է հաշմանդամներին:
Ի դեպ, Անդրե Աղասին իր կողմից ստեղծած բարեգործական հիմնադրամի 15-ամյակի կապակցությամբ Լաս Վեգասում աստղերի մասնակցությամբ երեկո է կազմակերպել, որին մասնակցել են հայտնի երգիչներ եւ դերասաններ, մասնավորապես Էլթոն Ջոնը, Ջենիֆեր Հադսոնը եւ այլոք: Երեկոյից ստացված 8 մլն դոլարը հիմնադրամը օգտագործելու է Լոս Անջելեսի անապահով ընտանիքների երեխաների ուսման ծախսերը հոգալու համար: