«Կիլիկիան» կվճարի 270 հազար դրամ տուգանք
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 250000 դրամով տուգանել է «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբին, իսկ թիմին գրանցել տեխնիկական պարտություն:
Հիշեցնենք,որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ տուրի «Գանձասար» - «Կիլիկիա» խաղը չէր կայացել, քանի որ հյուրերը չէին ներկայացել հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է նաեւ 20000 դրամով` նախախաղային խորհրդակցությանը ներկայացուցիչ չունենալու համար: Այդպիսով, «Կիլիկիա» ակումբը ընդհանուր առմամբ պետք է վճարի 270 հազար դրամ տուգանք: Հավելենք, որ եթե «Կիլիկիան» եւս մեկ խաղի չներկայանա, ապա ինքնաբերաբար դուրս կմնա բարձրագույն խմբից:
Ի դեպ, կարգապահական կոմիտեն վերանայել է «Միկա» թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանի որակազրկումը` այն երկու խաղից իջեցնելով մեկի: Դա նշանակում է, որ Հրայր Մկոյանը կարող է մասնակցել վաղը կայանալիք «Միկա» - «Փյունիկ» սկզբունքային հանդիպմանը: