Սուլում են անգամ լրագրողները
Երեկ երեկոյան Եվրոպայի լիգայի 2-րդ տուրի «Շերիֆ» - «Դինամո» Կիեւ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում ուկրաինացի լրագրողները սուլոցներով են ճանապարհել դինամոյականների գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւին: Նրանց զայրացրել էր այն փաստը, որ ռուսաստանցի մասնագետը լիովին տրամաբանական էր համարել իր թիմի պարտությունը (0:2):
Իրենց թիմի խաղից դժգոհ են մնացել նաեւ Սոֆիայի ԲԿՄԱ-ի երկրպագուները: Պորտուգալական «Պորտոյից» կրած պարտությունից հետո (0:1) բանակային ակումբի 50 երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել մարզադաշտի մոտ, պահանջելով ակումբի ղեկավարների հրաժարականը, որոնք, ըստ նրանց, ոչինչ չեն ձեռնարկում` թիմը ուժեղացնելու եւ ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ:
Իսկ ահա «Հայդուկ» - «Անդերլեխթ» խաղից առաջ ընդհարում է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջեւ: Արդյունքում դաշտի տերերի 10 երկրպագուներ ձերբակալվել են խուլիգանության համար:
Հավելենք, որ Եվրոպայի միակ «հայկական» թիմը` Ավստրիայի «Զալցբուրգը», Լեհաստանում 0:2 հաշվով պարտվել է Պոզնանի «Լեխին»: Ավստրիացիների կազմում հանդես եկող ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը փոխարինման մտավ 77-րդ րոպեին, սակայն ոչնչով աչքի չընկավ: