Հայաստանը պարտվեց Ռուսաստանին
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայում այսօր ուժերը չափեց մրցաշարի ֆավորիտներից մեկի` Ռուսաստանի 1-ին հավաքականի հետ:
Առաջին խաղատախտակին հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը շատ արագ խաղաղ դաշն կնքեցին: Նրանց օրինակին հետեւեցին նաեւ թիմերի «4-րդ ներկայացուցիչները»` Արման Փաշիկյանն ու Սերգեյ Կարյակինը: Ավաղ, 3-րդ խաղատախտակին ելույթ ունեցող Գաբրիել Սարգսյանը սպիտակներով զիջեց Պյոտր Սվիդլերին:
Խաղի վերջնական ելքը վճռվեց Ալեքսանդր Գրիշչուկ - Վլադիմիր Հակոբյան պարտիայում: Մեր գրոսմայստերը վերջնամասում փորձեց հակագրոհ կազմակերպել, սակայն մրցակիցը փոխանակեց կարեւոր խաղաքարերը եւ պարզեցրեց դիրքը: 40-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:
Արդյունքում, Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտություն կրեց եւ զիջեց դիրքերը: