Առանց Վիտեկի, բայց Շեբոյի հետ
Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հրապարակեց թիմի կազմը, որը կպատրաստվի Հայաստանի ընտրանու հետ ընտրական խաղին:
Նա այդ նպատակով թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստ: Դրանց թվում բացակայում է վնասվածք ստացած Ռոբերտ Վիտեկը, որը ներկայիս հավաքականի ամենաարդյունավետ հարձակվողն է: Վլադիմիր Վայսը երկու տարի ընդմիջումից հետո կրկին հավաքական է հրավիրել կիսապաշտպան Ֆիլիպ Շեբոյին, որը ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում: Կան նաեւ նորեկներ: Դրանք են դարպասապահ Մարտին Դուբրավկան եւ հարձակվող Յակուբ Սիլվեստրը:
Ի դեպ, Վլադիմիր Վայսն անցած երկուշաբթի Մոսկվայում վիրահատության է ենթարկվել (երիկամները մաքրել են «քարերից»), սակայն արդեն իրեն լավ է զգում եւ պատրաստվում է իր թիմի առաջիկա մարզումներին:
Հավելենք, որ Սլովակիայի հավաքականը հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը կսկսի պատրաստվել դրանից 4 օր առաջ: Թիմը Երեւան կժամանի հոկտեմբերի 6-ին:
Վլադիմիր Վայսի ընտրյալները.
Դարպասապահներ՝ Յան Մուխա կրտսեր («Էվերտոն», Անգլիա), Դուշան Պերնիս («Դանդի Յունայթեդ», Շոտլանդիա), Մարտին Դուբրավկա («Ժիլինա»):
Պաշտպաններ` Պետեր Պեկարիկ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Մարտին Շկրտել («Լիվերպուլ», Անգլիա), Թոմաշ Հուբոչան («Զենիթ», Ռուսաստան), Կորնել Սալատա («Սլովան»), Ռադոսլավ Զաբավնիկ («Մայնց», Գերմանիա):
Կիսապաշտպաններ` Միրոսլավ Կարխան («Մայնց», Գերմանիա), Մարիո Պեշալկա («Ժիլինա»), Յուրայ Կուչկա («Սպարտա», Չեխիա), Զդենո Շտրբա («Շկոդա Քսանտի», Հունաստան), Կամիլ Կոպունեկ («Սատուռն», Ռուսաստան), Մարեկ Համշիկ («Նապոլի», Իտալիա), Մարեկ Սապարա («Անկարագյուջու», Թուրքիա), Վլադիմիր Վայս կրտսեր («Ռեյնջերս», Շոտլանդիա), Միրոսլավ Շտոխ («Ֆեներբախչե», Թուրքիա):
Հարձակվողներ՝ Ստանիսլավ Շեստակ («Անկարագյուջու», Թուրքիա), Էրիկ Ենդրիշեկ («Շալկե-04», Գերմանիա), Ֆիլիպ Հոլոշկո («Ֆեներբախչե», Թուրքիա), Թոմաշ Օրավեց («Ժիլինա»), Յակուբ Սիլվեստր («Դինամո» Զագրեբ, Խորվաթիա), Ֆիլիպ Շեբո («Սլովան»):
Վայսը հրապարակել է նաեւ պահեստային խաղացողների ցուցակը, որոնք անհրաժեշտության դեպքում կփոխարինեն հիմնական կազմից վնասվածք ստացած խաղացողին: