«Հայ` իմ ընտրությամբ»
Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը հայ երաժշտության նկատմամբ իր սերն արտահայտեց «Աղջկա երգը» հայերեն երգելով: Նա Հայաստանում է «Բարեկամության ոսկե կամուրջ» ծրագրի շրջանակներում, նաև իր «Հայ` իմ ընտրությամբ» ձայնասկավառակը թողարկելու համար: Դրանում լինելու են բացառապես հայկական ու հայերեն թարգմանված երգեր են:
«Իմ նպատակն է հնչեցնել այն երգերը, որոնք շատ կարևոր ու հոգեհարազատ են հայերի համար` «Կիլիկիա», «Դլե յաման», «Մարտիկի երգը», «Արեգակին պետք է հեռվից նայել», «Սիրո գիշեր», ինչպես նաև հանրահայտ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` Առնո Բաբաջանյան, Խաչատուր Ավետիսյան, Գուսան Աշոտ»,- անվանումները հայերեն հնչեցնելով ասաց երգիչը:
Դեքերը հայ երաժշտությանը ծանոթացել է Արա Գևորգյանի երաժշտության միջոցով:
«Միանգամից յուրահատուկ մի բան զգացի ոչ միայն հայկական երաժշտության, այլև հայ ազգի մեջ: Այդքան տխրություն տեսած ժողովուրդը միաժամանակ կարող է լինել այդքան ուժեղ և ուրախ: Իմ աշխատանքով ուզում եմ քաջալերել հայերին ու ասել, որ նրանք մենակ չեն», - ավելացրեց երգիչը:
Հոկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգին ամերիկացի երգչի հետ դուետով հանդես կգան Լեյլա Սարիբեկյանը, Շուշան Պետրոսյանը, Աննա Խաչատրյանը, Քրիստինե Պեպելյանը: Երեկոյի հատուկ հյուրն է լինելու Արա Գևորգյանը:
«Բարեկամության ոսկե կամուրջ» միջոցառման նախագծի գեղարվեստական ղեկավար Արմեն Ադոնցը այս ծրագրով նպատակ ունի բարեկամություն հաստատել հայերի և օտարների միջև: Այս նախագծում հանդես կգան նաև մեքսիկացի և հոլանդացի երգիչներ: