Հայաստանը կխաղա Ռուսաստանի 1-ին թիմի հետ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին այսօր լուրջ փորձություն է սպասվում համաշխարհային օլիմպիադայում:
9-րդ տուրում մեր թիմը կհանդիպի մրցաշարի ֆավորիտներից մեկի` Ռուսաստանի 1-ին հավաքականի հետ: Ութ տուրից հետո երկու թիմերն էլ վաստակել են 13-ական միավոր եւ շարունակում են հետապնդել միանձնյա առաջատար Ուկրաինայի հավաքականին, որն իր ակտիվում ունի 14 միավոր:
Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը, Գաբրիել Սարգսյանինը` Պյոտր Սվիդլերը, Արման Փաշիկյանինը` Սերգեյ Կարյակինը: Նշենք, որ բացի Արոնյանից, մեր մյուս շախմատիստները ՖԻԴԵ-ի գարծակիցներով զիջում են իրենց մրցակիցներին:
Այս տուրում կարեւոր նշանակություն ունեն նաեւ Ադրբեջան (13 միավոր) - Ուկրաինա, Վրաստան (13) - Ֆրանսիա (13), Իսրայել (12) - Հունգարիա (13) հանդիպումները:
Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն այս տուրում Սլովակիայի թիմն է: Երկուսն էլ իրենց ակտիվում ունեն 11-ական միավոր եւ արդեն բավական ետ են մնացել մրցաշարի առաջատար Ռուսաստանի 1-ին հավաքականից, որը 8 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունի: Սակայն հաղթանակի դեպքում մեր շախմատիստուհիները լուրջ հայտ կներկայացնեն մրցանակային տեղ գրավելու համար, քանի որ առջեւից ընթացող հավաքականները շատ խիտ են դասավորված, բացի այդ հանդիպելու են միմիյանց հետ, ուստի միավորների կորուստը անխուսափելի է: Նշենք, որ Հայաստանի հավաքականը ՖԻԴԵ-ի գործակիցներով գերազանցում է Սլովակիայի ընտրանուն: