Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էռնա Յուզբաշյան. «Ես մի քիչ խելառ եմ»

Մշակույթ
55a6d7532cfa14b9880ea8feb31a146d

Շուրջ 17 տարի Հայաստանից  մեկնած երգչուհի Էռնա Յուզբաշյանը «Միայն քեզ համար» խորագրով իր համերգին խոստանում է անկանխատեսելի ծրագիր ներկայացնել:

«Ես մի քիչ խելառ եմ, գիժ եմ, ես կարող եմ դուրս գալ բեմ ու ասել ծրագրից դուրս լրիվ ուրիշ բան: Ես լսում եմ կազմակերպիչներիս, սակայն գիտեմ, որ ամեն ինչ այլ կերպ եմ անելու: Դրա համար դեռ չգիտեմ` ինչ է համերգին լինելու: Ինձ նախապես կներեք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անկեղծացավ երգչուհին: Ի դեպ, հանդիպման կազմակերպիչները նախապես զգուշացրել էին, թե երգչուհին չի պատասխանելու անձնական բնույթի եւ շոու բիզնեսին վերաբերող հարցերին: Մինչդեռ Էռնա Յուզբաշյանը հայտարարեց, որ պատրաստ է անկեղծորեն պատասխանել բոլոր հարցերին:

Այս ընթացքում կարճ ժամանակով Հայաստան այցելելիս նա այստեղ մեծ փոփոխություններ չի տեսել, թեեւ մայրաքաղաքը, ըստ նրա` փոխվել է: ԱՄՆ-ում ապրելով` նա, այնուամենայնիվ. չի հարմարվել այնտեղի նիստուկացին եւ ձգտում է վերադառնալ հայրենիք. «Ես կյանք չունեմ առանց Երեւանի, առանց իմ ընկերության ու անպայման պետք է վերջապես լինեմ այստեղ: Միգուցե դա շատ վերամբարձ հնչի. շատերը սիրում են ասել` գնամ մեռնեմ Հայաստանում, ես չեմ ուզում մեռնել, այլ ուզում եմ ապրել Հայաստանում, ուզում եմ իմ աղջիկն ապրի, մեծանա այստեղ, ուզում եմ` ավարտի հայկական դպրոց, շփվի հայ երեխաների հետ, խոսի հայերեն եւ հասկանա, թե ինչն է իսկական ընկերությունը, ինչը չես տեսնի ԱՄՆ-ում»:

Անդրադառնալով հայկական շոու բիզնեսին` Էռնա Յուզբաշյանը նշեց մի քանի երգիչների անուններ, որոնց արվեստը գնահատում է` Սիրուշո, Տիգրան Պետրոսյան: Ինչ վերաբերում է նրանց, որոնք տաղանդ չունեն, սակայն այսօր մեծ ճանաչում ունեն, երգչուհին փորձեց զուգահեռներ անցկացնել իր սերնդի հետ. «Այն ժամանակներում լրիվ այլ էր. մենք աշխատում էինք ոչ թե նրա համար, որ ավելորդ անգամ երեւանք բեմի վրա, այլ ուղղակի աշխատում էինք ու այն էլ` երբեմն դժվար պայմաններում: Չկար տեխնիկա, նույնիսկ աշխատել ենք առանց միկրոֆոնի: 1970-80-ական թթ. մենք մեզնով այդպես տարված չէինք, մենք մեր ֆանատը չէինք, ինչպես հիմա նրանք են»:

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` Էռնա Յուզբաշյանը փորձում է պահպանել հայկական էստրադայի լավագույն ավանդույթներն ու նրա համար բոլորովին կապ չունի, թե որտեղ կերգի: «Ես ամեն շաբաթ-կիրակի Լոս Անջելեսի ակումբներից մեկում համերգ եմ տալիս: Ինձ համար կարեւոր չէ, թե որ բեմի վրա կերգեմ` ակումբի, ռեստորանի, թե` մեկ այլ: Ներողություն եմ խնդրում, եթե դա շատերին դուր չգա: Ես միշտ երգում եմ այն, ինչ զգում եմ, աշխատում եմ մարդկանց համար, որ նրանք ոչ միայն լսեն երգը, այլեւ մի քիչ էլ մտածեն»,- վստահեցնում է երգչուհին` ավելացնելով, որ նաեւ իր համար միեւնույնն է, թե իրեն կոչում կտան, թե ոչ. «Կոչումը մշակույթի նախարարությունը չէ, որ տալիս է, այլ ժողովուրդը, որ քեզ գնահատում ու սիրում է»:

Ի դեպ, սեպտեմբերի 30-ին տեղի ունենալիք համերգի առիթը նաեւ նրա առաջին ձայնասկավառակի թողարկումն է: «Ճիշտը դա է, երբ հասունանում ես, կուտակվում է մեջդ ու նոր միայն ալբոմ ես ստեղծում, այլ ոչ թե հակառակը»,-ասում է երգչուհին: