Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր կյանքը ռաբիսացել է»

Մշակույթ
5b25181ad876e0c7d55ae7b36401ea01

Հայկական էստրադայի այսօրվա վիճակը Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը նորմալ է համարում:
«Ա1+»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ պետք է նաեւ դրա միջով անցնել, որպեսզի կարողանանք դանդաղ, բայց հաստատուն վերականգնել այն, ինչ կորցրինք Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Շատերն ասում են, թե ռաբիսը շատ է, կյանքը ռաբիսացել է: Մեր կյանքը ոչ միայն ռաբիսացել է, այլեւ դարձել է մի մեծ КВН, եւ դա ավելի վատ է, քան ռաբիսը։ КВН-ը պրոֆեսիոնալ արվեստ չէ, իսկ ոչ պրոֆեսիոնալներն ավելի վտանգավոր մարդիկ են, մինչդեռ ռաբիսն անկեղծ մարդկանց արտահայտվելու ձեւն է՝ ավելի ցածր մակարդակի վրա։ Սակայն ես կարծում եմ, որ այդ ամենը կանցնի»,- գտնում է Երվանդ Երզնկյանն` ավելացնելով, որ հուսադրող է գոնե այն, որ այսօր ավելի շատ երգիչներ կան, քանի տարիներ առաջ, երբ մատների վրա հնարավոր կլիներ նրանց հաշվել: Միայն, թե ըստ նրա` մեր երգարվեստի մակարդակի բարձրացումն ակնհայտ կլինի, երբ սկսվի վատ եւ լավ երգիչների զտումը:

Լավ երգիչ, կատարող դառնալու խնդիրը, նրա ասելով, ծագում է հենց կոնսերվատորիա ընդունվելիս։ «Կոնսերվատորիայի մակարդակն ընկել է, սակայն ոչ թե դասախոսների այլ ուսանողների պատճառով: Եթե առաջ կոնսերվատորիա ընդունվելը շատ բարդ էր, ապա այսօր հեշտացել է, քանի որ կոնսերվատորիան կանգնած է տնտեսական ծանր խնդիրների առաջ եւ ստիպված ընդունում է ոչ լիարժեք պատրաստ կադրերի՝ միայն նրա համար, որպեսզի կարողանա ապահովել դասախոսների աշխատավարձը: Ի դեպ, Հայաստանում դասախոսական ամենացածր աշխատավարձը մերն է»,- նշել է Երզնկյանը, ով նաեւ դասավանդում է կոնսերվատորիայում:

Ըստ նրա` այսօր հատկապես տաղանդավոր երիտասարդ կատարողների, արվեստագետների համար ճանաչում ձեռք բերելը շատ դժվար է։ Դրա համար հովանավորներ ու գումարներ են հարկավոր, իսկ երգիչներին այսօր ճանաչում են իրենց տեսահոլովակներով: Երվանդ Երզնկյանը վստահեցնում է, որ իր ղեկավարած նվագախումբը սկսնակներին հնարավորություն է տալիս նվագախմբի հետ կենդանի կատարմամբ հանդես գալ ու փորձ ձեռք բերել:

Ի դեպ, Երվանդ Երզնկյանին շատ հաճախ խուսափում են շոուների հրավիրել. «Շատ դեպքերում այդ հեռուստաշոուների կազմակերպիչներին դուր չի գալիս իմ կարծիքը, քանի որ միշտ ճիշտ բաներ եմ ասում: Ես երբեք չեմ ասի այն, ինչ չեմ ցանկանում ասել, իսկ այդ հեռուստաշոուները խարսխված են գովեստի վրա, որը սխալ է, քանի որ ինտրիգը կորչում է»:
Ինչ վերաբերում է իր ղեկավարած նվագախմբին, ապա Երվանդ Երզնկյանը վստահեցնում է, որ իրենք կատարում են հայկական էստրադայի դասական կատարումները, որոնք մի պահ մոռացվել էին, սակայն այժմ նորից մեծ պահանջարկ ունեն: