Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի երաժիշտները ԱՄՆ-ում են

Մշակույթ
a62ad3975d8613fec33e5cbfcec14a3b

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հյուրախաղային համերգներով ելույթ են ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ քաղաքներում: Տնօրեն Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ երաժշտական դպրոցի սաները ներկա գտնվեցին Սրբոց նահատակաց Ազգային վարժարանի կազմակերպած ընդունելությանը:

Նյու Յորքի Սրբոց նահատակաց Ազգային վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը բարի գալուստ մաղթեց հյուրերին եւ ի նշանավորումը բարեկամության երաժշտական դպրոցի երեխաներին հանձնեց հուշանվերներ, իսկ սեպտեմբերի 25-ին Նյու Յորքի Քուինսբորո քոլեջի դահլիճում տեղի ունեցավ բարեկամության համերգ` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին, որը եւ համընկավ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 85-ամյակին: Ազգային վարժարանի մանկական երգչախմբի կատարմամբ հնչեցին ՀՀ եւ ԱՄՆ օրհներգերը:Համերգի առաջին բաժնում հանդես եկան Սայաթ Նովայի երաժշտական դպրոցի շնորհալի կատարողներ Դավիթ Հովհաննիսյանը դաշնամուր, Էլիզաբեթ Առաքելյանը ջութակ, Հայկ Սուքիասյանը թավջութակ, որոնց կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Համերգի երկրորդ բաժնում բեմահարթակը տրամադրվեց երաժշտական դպրոցի նվագարանների համույթին: Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ազգային նվագարանների համույթի կատարողական արվեստը ներկաների կողմից ջերմությամբ ընդունվեց:

Համերգից հետո մասնակիցներին ողջունեցին Ազգային վարժարանի հոգաբարձության ատենապետ Արեգ Նշանյանը, տնօրենուհի Զարմինե Պողոսյանը: Ընթերցվեց նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի ուղերձը` Նյու Յորքի` իր անվան պարի համույթի մասնակիցներին եւ պարուսույցներին:

Համերգի մասնակիցներին շնորհավորեց եւ բարձր գնահատանքի խոսք ասաց Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք

Լուսանկարները` հեղինակի