Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Կհասցնի՞ արդյոք Բորեյկոն․ ամեն ինչ պատրաստ է․ ինքնաթիռն ուշանում է (տեսանյութ)

Վաղն Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսվում է Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի համերգը՝ աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ։ Դիրիժորը Հայաստան պետք է գար համերգից չորս օր առաջ, որպեսզի հասցներ լիարժեք փորձեր իրականացնել նվագախմբի և մենակատարի՝ ջութակահար Անուշ  Նիկողոսյանի հետ, քանի որ բավական բարդ ծրագիր էր ընտրված։ Սակայն, համաճարակով պայմանավորված չվերթի հետ խնդիրներ են առաջացել։

«Այն, որ համերգը կկայանա՝ միանշանակ է»,- ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, սակայն դեռ պարզ չէ, թե ով կղեկավարի, ինքը, թե Բորեյկոն։

Մաեստրո Անդրեյ Բորեյկոն նվագախումբն առաջին անգամ ղեկավարել էր 2019-ին։ Պարոն Թոփչյանի խոսքով, Բորեյկոյի և նվագախմբի միջև խորը կապ ստեղծվեց և համաշխարհային անուն ունեցող դիրիժորը ցանկություն հայտնեց մեկ անգամ ևս գալ և ղեկավարել։ 

Ծրագիրը Բորեյկոն ինքն է առաջարկել։ Կկատարեն Դվորժակի Ջութակի կոնցերտը, Մարտուչիի Նոկտյուրնը։ Իսկ նախատեսված Ստրավինսկու՝ «Հրեղեն հավք» սյուիտի փոխարեն, կհնչի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան։

Նվագախմբի ղեկավարը վստահ է, որ երաժիշտներն այնքան լավ են պատրաստված, որ անգամ, եթե ընդամենը մեկ փորձ լինի, կկարողանան համերգին ըստ արժանվույն ներկայանալ։