Արթուրը կմրցի Արթուրի հետ
Ձյուդոի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Անդրանիկ Չափարյանը Սոֆիայում շարունակվող Եվորպայի առաջնությունում անհաջող հանդես եկավ եւ ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից:
73 կգ քաշայինների մրցաշարի առաջին փուլում մեր մարզիկը մեկ վազա-արի վաստակեց եւ հաղթեց հունգարացի Անդրաշ Վերին: Երկրորդ փուլում Անդրանիկ Չափարյանը արդեն մեկ իպոն հնարքով պարտվեց իտալացի Անդրեա Ռեգիսին: Վերջինս չնայած մտավ եզրափակիչ, սակայն մեր ձյուդոիստը չմասնակցեց սփոփիչ մրցամարտերին, քանի որ շատ վաղ էր զիջել իտալացի մարզիկին:
Մրցումների վերջին օրը մեր հավաքականին կարող է մեդալ բերել միայն 90 կգ քաշային Արթուր Կրոյանը: Նա մրցապայքարի մեջ կմտնի վաղը, սեպտեմբերի 19-ին: Առաջին փուլում Արթուր Կրոյանը կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Արթուր Նիկիֆորենկոյի հետ: Այս զույգի հաղթողը 1/8 եզրափակիչում կհանդիպի ռուսաստանցի Մագոմեդ Մագոմեդովի հետ: