Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսանկարիչը կիսեց ցավը (տեսանյութ)

Մշակույթ
8d2c11cd02d7b3ce9bb2faa4d3e0f6d6

Մեկ տարի առաջ հանկարծամահ եղած ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի «Սև կյանք» խորագիրը կրող աշխատանքների ցուցահանդեսը երեկ երեկոյան բացվեց «Art Gallery» ցուցասրահում:

Դրանք պատմում են Ադրբեջանից գաղթած` այժմ Բագրատաշենում բնակվող, Գադյանների ընտանիքի մասին: Նրանք ծայրահեղ աղքատության մեջ են: Մայրը հիվանդ է, երեխաները երբեք դպրոց չեն գնացել, անգամ տանից դուրս չեն գալիս, չունեն ընկերներ: Ինչպես լուսանկարների հեղինակն էր անվանել` «սա դժոխք է երկրի վրա»:

Նկարներից երևում է, որ ամբողջ տունը ծխի մեջ է, քանի որ կիսավեր վառարանում այրում են ինչ կգտնեն: Նրանք զուրկ են տարրական պայմաններից, չունեն անգամ զուգարան:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին բազմաթիվ արվեստագետներ, լուսանկարիչներ, դասախոսներ, երիտասարդներ: Նրանք բոլորն էլ տպավորված էին լուսանկարներով: «Դժբախտաբար հիմա շատ քչերն են, որ կարողանում են ուրիշների ցավը իրենց վրա վերցնել: Ռուբենը նրանցից մեկն էր, ինչքան որ ցավ հասցրեց վերցնի, վերցրեց ու տարավ»,-ասաց դերասան Միքայել Պողոսյանը:

Լուսանկարներն հայտնվել են միջազգային այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք է BBC-ն է: Դրանք հուզել են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մի շարք սրտեր. «Ողջ կյանքում ես չեմ հիշում, որ ինձ այդքան հուզած լինեն լուսանկարները», «Ես կհասնեի աշխարհի ծայրը, որպեսզի ինչ-որ կերպ նրանց օգնեի»: Դրանից հետո ընտանիքը պարբերաբար օգնություն է ստացել արտասահմանից` հագուստ, սնունդ, գումար:

Լուսանկարիչը վեց տարի շարունակ լուսանկարել և դրանց միջոցով օգնել է ընտանիքին: Իր կյանքի վերջում` 2009թ-ին, գրել է. «Այս ընտանիքի ողջ ապագան կախված է մարդկանց բարեգթությունից, այլապես նրանք երբևէ չեն տեսնի այլ կյանք` լի գույներով և ուրախությամբ»: