Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնությունը` ցուցահանդեսում

Մշակույթ
ccffc4bac44f3b40da8dff2678189b05

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) միաժամանակ 2 ցուցահանդես է ներկայացվել: «Բազմաշերտ ինքնություն և հասարակական կառույց» խորագիրը կրող տարեկան խմբային ցուցահանդեսը համակարգել է կենտրոնի հիմնադիրներից Սոնիա Պալասանյանը: Ներկայացված են 21 հայ և 2 պարսիկ երիտասարդ նկարիչների մեկական աշխատանքներ: Ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 2-ին և կտևի մինչև հոկտեմբերի 30-ը:

«Փորձել ենք ցույց տալ մարդու ինքնությունն ու հասարակության կապը միմյանց հետ նաև արտացոլել այսօրվա շունչը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- ասում է Սոնիա Պալասանյանը:

Գագիկ Ղազարէն ցուցահանդեսին ներկայացրել է վիդեո-արտ աշխատանքը: Մութ ցուցասրահում մեծ էկրանին 2 ամիս առաջ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպան եղած Արտակ Նազարյանի լուսանկարն է:

Դրա վրայով սահում են հեղինակի օրագրային գրառումները. «Ճանաչելով Արտակին և չհավատալով այդ փաստին` տեքստն ինքնաբուխ ծնվեց: Դրանով փորձել եմ անդրադառնալ անհատ - իշխանություն հարաբերություններին, քանի որ իշխանությունը կորցրել է ռեալ հողի վրա ապրելու իր հատկությունն ու հասկանալի չէ, թե ում իշխանությունն է: Ես չէի կարող չանդրադառնալ այս խնդրին հենց այս ցուցահանդեսում, քանի որ այն ներքին եսերի հակասությունների մասին է»,- իր գործի մասին դժվարությամբ է խոսում Գագիկ Ղազարէն:

Սեպտեմբերի 15-ից ՆՓԱԿ-ում բացվել է նաև 2 լուսանկարիչների համատեղ ցուցահանդեսը: Շաքե Պետրոսյանը ներկայացրել է Վենետիկում և Վիեննայում արված գրաֆիտիների լուսանկարների շարքը, որոնց հեղինակներն անանուն են: Իսկ Վռամ Հակոբյանի լուսանկարներում ավանդական բնապատկերներ են, որոնք արվել են թե Հայաստանում, թե Իրանում:

Նոյեմբերի սկզբին ՆՓԱԿ-ում նախատեսվում է նաև հասարակական նախաձեռնություններին առնչվող մեծ ցուցահանդես:

«Խնդիր է դրված արվեստագետներին ու ակտիվիստներին համախմբել մի տարածքում, որպեսզի նրանց չտարանջատեն,- ասում է ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժնի ղեկավար Սեդա Շեկոյանը եւ հավելում. Այդ աշխատանքներով նպատակ ունենք համադրական քննադատական հայացք ստեղծել շատ խնդիրների նկատմամբ, որոնք այսօր խոսակցությունների բուռն առիթ են` բանակ, օտարալեզու դպրոցներ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ, ուսանողական այգի, Թեղուտ և այլն: Նույնիսկ հնարավոր է, որ գրողների ստեղծագործությունները տպագրվեն ու այդ տեսքով ներկայացվեն, այսինքն` մեդիաների տեսակների սահմանափակում ևս չի լինի»: