Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դպրոցը վերջնականապես թաղեցինք» (տեսանյութ)

Մշակույթ
ad075c20ac1f13c14a2356040c676a84

«Մենք այսօր կորցնում ենք այն, ինչ 70 տարվա ընթացքում ձեռք էինք բերել». Երաժշտական ոլորտի խնդիրների մասին ահազանգում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ ավելացրեց. «Դա ինձ համար ցավալի թեմա է: Ես գիտեմ, որ դրա մասին վտանգավոր է խոսել, բայց ինձ հանցագործ կհամարեմ, եթե չասեմ, որ մենք կորցնում ենք այն ամենը, ինչ որ ունենք»:

Ըստ նրա` այսօր երաժշտական ոլորտում լրջագույն խնդիրներ են առաջացել կապված երաժշտական դպրոցների եւ համապատասխան կադրերի բացակայության հետ: «Մենք Սայաթ-Նովայի դպրոցը վերջնականապես թաղեցինք: Բոլոր լավագույն հայ երաժիշտների անունները այսպես թե այնպես կապված են այդ դպրոցի հետ, բայց հիմա չգիտեմ` ինչու են բոլորը լռում: Դժբախտություն է. 5-6 տարի հետո ոչինչ չենք ունենալու»,- կարծում է դիրիժորը` ավելացնելով, որ քանի դեռ չունենք երաժշտական ոչ մի լավ դպրոց, բնականաբար կոնսերվատորիա եւս չենք կարող ունենալ:

Էդուարդ Թոփչյանը ցավով նշում է, որ շուտով այլեւս չենք ունենալու հայ ոչ մի լավ երաժիշտ, քանի որ ինչպես նա է ասում. «Հայաստանից բոլորը փախչում են»:

«Երբ դրսից հայտնի երաժիշտներ են գալիս այստեղ համերգներով, զարմանում են` ասելով, որ դուք մեծ ավանդույթներ եք ունեցել, նվագախմբում լավ երաժիշտներ կան, ո՞ւր են, մենք էլ ասում ենք` լավագույններին դասատուները չեն թողնում, որ գան: Բա էլ ի՞նչ ասենք, հո չենք ասելու` էլ չունենք»,- սրտնեղած ասում է դիրիժորը:

Առաջացած խնդիրների պատճառները շատ են. «Լավագույն դասատուները գնացին, սխալ ուսման պրոցես սկսվեց, սկսեցին փողով ընդունվել ուսումնական հաստատություններ, մարդիկ էլ մտածում են, որ արվեստով ապրել չի լինի»:

Այնուհետեւ ավելացնում է. «Երաժիշտները երբեք Հայաստանում ամենալավ վարձատրվող մասսան չեն եղել, բայց մենք ունեցել ենք փայլուն երաժիշտներ` մեկը մյուսի ետեւից գալիս էին եւ թե որտեղ այդ գիծը կանգ առավ, գիտեմ, ավելի մանրամասն գիտեմ, մեղավորներին էլ գիտեմ: Ես կարծում եմ, որ շտապ, ամենաբարձր ատյաններից որոշում է պետք` ինչ անել, որ էլ կորուստներ չունենանք»:

Իբրեւ խնդրի լուծում` Էդուարդ Թոփչյանը մի քանի առաջարկներ ունի. «Պետք է գոնե երաժշտական 2 դպրոց փրկել, պետք է բոլոր ամբիցիաներից ու անուններից, ծանոթներից դուրս ղեկավարություն դնել, ճիշտ համակարգ բերել, լավագույն դասատուներին մոբիլիզացնել, որոնք դեռ կան այդ դպրոցներում, որ նրանք սկսեն դաս տալ` խիստ, հին ձեւով, որ 8 տարի հետո գոնե այդ երեխաները գնան կոնսերվատորիա»:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ ֆրանսիացի մեծահամբավ դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի մասնակցությամբ սեպտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի ավանդական դարձած երեւանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 22-ը: Ի դեպ, այսօր հանդիսավորությամբ պետական «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղադրվեց Համբուրգի մայր գործարանից ձեռք բերված «Ստենվեյ» ռոյալը, որը գնվել էր ՀՀ պետ.բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 62 միլիոն դրամով: