Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը կամ առողջապահության նախարարն ամեն օր չեն կարող բոլոր տեղերում պտտվել. Փաշինյան (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի կադրերին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: 

«Այսինքն՝ ամփոփելով, պետք է ասենք, որ առաջինը, սկսեմ բյուջեից, այդ համակարգի բյուջեն 2019 թվականին, 2018 թվականի համեմատությամբ, ավելացել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, 2020 թվականին, 2018 թվականի համեմատությամբ, ավելացել է 63 տոկոսով կամ 230 մլն դրամով:

Հիմա, ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունեցել ենք այն տեսարանը, որն ունենք: Որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ: Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է: Հայաստանի Հանրապետությունում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել՝ 2018 թվականից առաջ: Եվ մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը: Առաջին սեկվենատորը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները, 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես այդպիսի սարք գոյություն չի ունեցել, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել: 2018 թվականից հետո՝ պատերազմից առաջ, առաջին սարքն արդեն եղել է: Երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո, երբ հասկանալի է դարձել, որ մենք այդ ծավալները պիտի կարողանանք ապահովել:

Սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Տվյալ դեպքում այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից: Բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ առողջապահության համակարգերում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ այ, մարդկանց աշխատանքից ազատում են: Ես հիշում եմ այն դեպքը, երբ մի առողջապահական հիմնարկում այդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, և երբ ես հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի. այդ առողջապահական հիմնարկի աշխատողները, կներեք արտահայտությանս, չստիկներով դուրս էին եկել փողոց, ցույց էին անում, հետո այդ նույն չստիկներով մտան ներս, հիվանդանոց՝ շարունակելու իրենց աշխատանքն առողջապահության ոլորտում:

Մենք բազմիցս ասում ենք՝ սա կրթական, էթիկական պարզ խնդիր է: Ի վերջո, Առողջապահության նախարարությունը կամ Կառավարությունը, այո, կարող են սահմանել չափանիշներ, ստանդարտներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է: Երբ մենք ասում ենք՝ չկա այդպիսի ոլորտ, որտեղ առանց կրթական փոփոխությունների կարելի է հասնել իրական փոփոխության, հենց սա նկատի ունենք:

Այս վիճակագրությունը 2018 թվականից առաջ ցույց է տալիս, որ Երևան քաղաքում՝ գիտագործնական կենտրոնում, եղել է ընդամենը 25 սառնարանային տեղ, որն ամենապատշաճ ժամանակակից պայմաններն են մարմինները պահելու համար: Բարեփոխումների արդյունքում միայն կենտրոնական հատվածում մոտ 10 անգամ ավելացվել են տեղերը: Սա է կառավարության վերաբերմունքը: Իսկ թե տեղերում շատ հաճախ ինչպիսի վերաբերմունք և արտահայտություններ են լինում, մենք դա գիտենք: Սա նշանակում է, որ չի կարելի հանդուրժել ընդհանրապես բարեփոխումների, բովանդակային փոփոխությունների ճանապարհին չի կարելի կանգնել և տրվել աղմուկ-աղաղակներին: Պետք է, որակական հստակ ստանդարտներ սահմանելով, գնալ առաջ:

Բայց, մյուս կողմից, պետք է նաև նշեմ, որ «Դատաբժշակական գիտագործնական կենտրոնի» բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր, առանց դադարի: Ընդ որում, հասկանալի մեծ ճնշումների ներքո: Ես նկատի ունեմ հատկապես գենետիկական փորձաքննություններ իրականացնող աշխատողներին: Ճնշումների, այո, շատ հաճախ՝ վիրավորանքների ներքո, և նրանց աշխատանքը նույնպես չի կարելի չգնահատել:

Սա է իրողությունը, և մենք, այո, պետք է նաև այս դեպքից դասեր քաղենք, բայց, մյուս կողմից, կրկին եմ ասում, չի կարող Կառավարությունը կամ Առողջապահության նախարարը գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով ինչպես է: Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է, որոնք նույնպես այս բարեփոխումների կարևոր մաս պետք է լինեն»,-նշել է նա։