Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լարված իրավիճակ կառավարական մասնաշենքի մոտ (տեսանյութ)

Լարված իրավիճակ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ՝ աշխատանքային օրվա ավարտին։ Մի կողմում ՀՅԴ Երիտասարդական միության անդամներն էին, մյուս կողմում՝ ոստիկանները։

Երիտասարդները պահանջում էին հանդիպում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ՝   զոհված զինծառայողների դիերի եւ մասունքների պահման պայմանների վերաբերյալ։

Ակցիայի մասնակից Սևակ Նազարյանը նշեց, որ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները ամիսներ շարունակ հոգեբանական ծանր վիճակում էին գտնվում, մինչդեռ երկու օր առաջ պատահական պարզվեց, որ զոհված տղաների մարմինները պահվում են սարսափելի պայմաններում։

«Գժվել կարելի է՝ տեսնելով այն պատկերը, ինչ ստացել ենք այսօր։ Եվ սա այն պետության պատկերն է, որ այս իշխանությունը կարողացել է դարձնել Հայաստանի Հանրապետություն։ Մենք նպատակ չունենք մեղադրելու միայն Առողջապահության նախարարի պաշտոնակատարին, քանի որ սա իշխող համակարգի ընդամենը մեկ դետալն է», - ասաց Սևակ Նազարյանը։

Նա նշեց, որ անգամ այս 20 օրը, որ մնացել է իշխանությանը, Անահիտ Ավանեսյանը բարոյական իրավունք չունի մնալու որպես Առողջապահության նախարարի պաշտոնակատար։

Ակցիայի մասնակիցները տարբեր պաստառներով կանգնած էին շենքի դիմաց, որը շրջափակել էին ոստիկանական խմբերն ու պահանջում էին, որ ոստիկանները հասցնեն իրենց պահանջն ու դուրս հրավիրեն նախարարի պաշտոնակատարին։ Որոշ ժամանակ անց ոստիկանները հայտնեցին, որ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է՝ նա հանդիպել է ծնողներին ու ամեն ինչ արդեն փոխանցել ու քննարկել է ծնողների հետ։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս հարցը վերաբերում է բոլորին ու բոլորը պետք է պատասխաններ ստանան։ Ի նշան բողոքի՝ նրանք զուգարանի թղթեր նետեցին ոստիկանների և կառավարության շենքի ուղղությամբ։

Ոստիկանական ուժերը միանգամից մոտեցան ակցիայի մասնակիցներին ու քաշքշուկ սկսվեց։

Ոստիկանության մայոր Մանուկյանի կարգադրությամբ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի 4  մասնակցի։

Ամբողջ ընթացքում ակցիայի մասնակիցները փորձում էին դիմադրել և բերման ենթարկելու պատճառը հասկանալ, նշում էին, որ դրանից հետո իրենք սեփական կամքով բաժին կգնան, սակայն ոստիկանները չմանրամասնեցին և չբացատրեցին պատճառները։

ՀՅԴ երիտմիության անդամ Գոռ Սարգսյանը հայտնեց, որ 4 բերման ենթարկվածները պատերազմի մասնակիցներ էին, նրանց մեջ էր Արսեն Մարդոյանը, որ Մատաղիսում դիպուկահարի կրակոցից վիրավորվել ու դեռևս վերջնական չէր ապաքինվել։