Թաթան պարեցրեց 80 անց ծերունուն
80-ն անց մի ծերունի 2 ժամ անընդմեջ երեկ երեկոյան պարեց երգիչ Թաթա Սիմոնյանի համերգի ընթացքում: Ծերունին այնքան ոգեւորված էր, որ նույնիսկ չհայտնեց իր անունը, իսկ ձեռնափայտը դարձրել էր դրոշ եւ երիտասարդներին մոտենալով ասում էր. «Էդ կարեւոր չի, 50 տարով ջահելացա: Ոչ մի բանի մասին մի մտածեք, երգեք, պարեք, ուրախացեք: Էս է մնում էս աշխարհից»:
Երեկ «Հրազդան» մարզադաշտը համազգային հարսանիք էր հիշեցնում: Համերգին մասնակցելու համար մայրաքաղաք էին ժամանել նաեւ մարզերի բնակիչները, քիչ չէին զբոսաշրջիկները:
«Շատ ենք սիրում: Նրա երգը մեր սրտից է բխում»,- ասացին մի խումբ իրանահայեր:
«Սիրեք միմյանց այս մեր դժվար, դաժան կյանքում դա շատ կարեւոր է: Ես ուրիշ բան չեմ ասում, ես երգիչ եմ»,- իր երկրպագուներին պարբերաբար ոգեւորում էր երգիչը: Թաթա Սիմոնյանը իր երգով եւ խոսքով հասցրեց ոգեւորել նաեւ ներկա եւ ապագա զինվորներին` վստահեցնելով. «Եթե դուք բանակում սիրեք եւ ախպերություն անեք, մեզ ոչ ոք վտանգի չի ներկայացնի: Մենք բոլորս ապահով կլինենք»:
Ի դեպ, համերգի ընթացքում երգիչն իր երկրպագուներին պարբերաբար զգուշացնում էր ուշադիր լինե, պարելու ընթացում երեխաներին ոտքի տակ չգցելու համար: Նա հավաքվածներին կոչ արեց մոռանալ բոլոր հոգսերը եւ մի լավ «քեֆ անել», խոստանալով, որ պատրաստ է համերգից հետո հավաքել եւ մաքրել իր երկրպագուների թողած հետքերը, սակայն համերգից հետո բուռն ծափահարությունների ուղեկցությամբ հեռացավ` չկատարելով իր խոստումը: «Հրազդան» մարզադաշտը մնաց պլաստիկ շշերով եւ սննդի մնացորդով ծածկված:
Ի դեպ, Թաթա Սիմոնյանի համերգի տոմսն արժեր 1000-ից 5000 դրամ: