Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարարությունը չգիտի ի՞նչ անի (տեսանյութ)

Մշակույթ

Հանրությունն է մեղավոր, որ այսօր մենք ունենք անճաշակ մշակույթ եւ համատարած տգիտություն է. Այս կարծիքին է երգահան Վահան Արծրունին:

Ըստ նրա` ոչ մշակույթի նախարարությունը, ոչ ԶԼՄ-ները մեծ հաշվով չեն կարող դաստիարակել. «Դաստիարակվում է մարդ ընտանիքում, իսկ ընտանիքը հանրության բջիջ է: Հետեւաբար մենք գալիս ենք շատ տխուր հետեւությունների, որ եթե ընտանիքն է անհաղորդ արժեքներին, ուրեմն ընտանիքից դուրս եկած սերունդը պիտի հանության մասնիկ կազմի եւ դարձնի հանությունը տգետ եւ անտարբեր իրական արժեքներին` սեփական կամ համաշխարհային»:

Նա կարծում է, որ մենք ունենք բազմաթիվ արվեստագետներ, որոնք բարձր արվեստի հետեւորդներ են, մինչդեռ լքում են հայրենիքը, քանի որ այստեղ չունեն բավարար լսարան. «Արվեստագետը միշտ նախընտրում է գտնվել այն դաշտում, որտեղ կարող է հաղորդակից դարձնել իր արվեստին հանրությանը: Եթե հանրությունը անհաղորդ է մնում, արվեստագետը զգում է իրեն մեկուսացված եւ լքված»: Իսկ դրսում, ըստ երաժիշտի, հաճախ նման արվեստագետներին հասկանում են:

«20 տարիների ընթացքում ամեն ինչ արվեց, որպեսզի բթացվի ազգը, որպեսզի ճաշակից զրկվի եւ պատկերացումներից զրկվի` վեհի մասին, լավի մասին, բարձրաճաշակի մասին»,- շարունակում է Վահան Արծրունին` նկատելով, որ մշակույթի նախարարությունը պարտավոր է այնպես անել, որ հանրությանը տանի դեպի բարձր արվեստ, սակայն չգիտի ինչ պետք է անի, քանի որ. «Մի բան է, եթե դու ունես բյուջե, քեզ նշանակել են պաշտոնի, ուրիշ բան, որ դու չգիտես այդ բյուջեն ինչի վրա ծախսես: Սա մեծ խնդիր է ոչ միայն մշակույթի նախարարության պարագայում, այլ բոլոր օղակներում»: