«Նա ամեն ինչ տեսնում էր նրբագույն մանրամասներով»
Աջակցիր «Ա1+»-ին«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 7-րդ կինոփառատոնի շրջանակներում նշվեց հայ կինոյի նվիրյալ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի 85-ամյա հոբելյանը:
Հուլիսի 14-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում հանդիսատեսին ցուցադրվեցին կինոռեժիսորի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փոքրիկ ֆիլմ, ուր որպես մարդ ու կինոյի մեծ վարպետ Մալյանի մասին խոսեցին Արմեն Ջիգարխանյանը, Սոֆիկո Ճիաուրելին, ռեժիսոր Անդրեյ Միխայլկովը: Ֆիլմը հեղինակել է Մալյանի դուստրը` Նարինե Մալյանը: «Ոսկե ծիրան» փառատոնի լրատվական հարցերով պատասխանատու Սեդա Պապոյանի խոսքերով` ֆիլմը նախատեսված էր հենց հուշ-երեկոյի համար:
«Նրա նման մեծ մտածողն ու խոշոր արվեստագետն իր կյանքը կառուցել էր այնպես, որ կարողանա ամեն ինչ տեսնել, ապրել նրբագույն մանրամասներով և արվեստի ձև տալ իր ուղնուծուծով մարդասիրական աշխարհայացքին»,- կինոգետ, Մշակույթի նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանն այսպես է նկարագրում Հենրիկ Մալյանին:
Հուշ-երեկոյին ներկա էին ոչ միայն կինոարվեստի ներկայացուցիչներ, այլև Մալյանի արվեստը գնահատող սովորական քաղաքացիներ:
«Ես դեռ 21 տարեկան եմ, բայց այնքան հոգեհարազատ են ինձ նրա ֆիլմերը, դրանք երբեք չեն հնանում ու ամեն անգամ նայելիս կարծես նոր բան եմ վերցնում ինձ համար»,-ասաց Անի Պապյանը
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում ցուցադրվել են Մալյանի «Եռանկյունի», «Կտոր մը երկինք» ֆիլմերը, իսկ հոբելյանական հուշ-երեկոյին հանդիսատեսին ներկայացվեց «Մենք ենք, մեր սարերը»: