Ատոմ Էգոյանի որդին եկեղեցի է նորոգում
Աջակցիր «Ա1+»-ին«Երրորդ անգամ է, որ Հայաստանում եմ, բայց առաջին անգամ Հայաստանը տեսա Երևանից դուրս: Մեզ սփյուռքահայերիս շատ պետք է որ լինենք մեր հայրենիքում, մոտ կանգնենք մեր արմատներին, դրա համար լսեցի մորս խորհուրդը, մասնակից լինելով եկեղեցաշինական սուրբ գործին»,-ասում է Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գտնվող անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի որդին` Արշիլը: Նա և ևս 10 կամավոր մինչև հուլիսի 27-ը կաջակցեն գյուղի 18-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցու նորոգման աշխատանքներին: Տորոնտոյի ֆրանսիական դպրոցի 16-ամյա սան Արշիլը, արդեն երրորդ անգամ է, որ Հայաստանում է: Իհարկե, հասկանում է հայերեն, բայց դժվար է արտահայտվում, ուստի և անգլերեն հաղորդակցվեց:
Ֆրանսիական «Երկիր-մշակույթ» կազմակերպության կողմից է նորոգվում Եղվարդ գյուղի եկեղեցին: Աշխատանքները սկսել էին դեռևս 2007թ-ին իրականացված պեղումներից հետո, երբ հայտնաբերվեցին բազմաթիվ խաչքարեր: Այն որոշ պատճառներով դադարեցվել էր ու այս տարվա հուլիսից վերսկսվեց նորոգումը:
Նախատեսված է նորոգել եկեղեցու բեմը, կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ, կտեղադրվի եկեղեցու դուռը: Ընդհանուր առմամբ միայն 2010թ-ին 10 մլն դրամ է ներդրվելու:
Շինարարությունն իրականացնում է «Հրակարսին» ՍՊԸ-ն: Ամերիկահայ Ուրֆա Վարդանյանը Կալիֆոռնայի համալսարանում է սվորում: Հատուկ կարիքավոր է, զրկվել է երկու ձեռքերից, սակայն իր խոսքով, Եղվարդ եկել է սեփական ցանկությամբ, ուժերի ներածին չափ օգնելու հայրենիքին:
Կամավորների կացարանի, սննդի խնդիրները լուծել է գյուղապետարանը: Վերջինս իր վրա է վերցրել նաեւ երեկոյան ազատ ժամանցի կազմակերպումը, որը հիմնականում լինում է գյուղի փոքրիկ սրճարանում: Շաբաթ-կիրակի օրերին էլ այցեր են կազմակերպվում մարզի տեսարժան վայրեր:
Հիմնականում, երիտասարդները զբաղվում են բարեկարգման աշխատանքներով, հեռացնում են շինարարական աղբը, մաքրում են եկեղեցու հարեւանությամբ գտնվող Թորոս իշխանի գերզմանաքարի շրջակայքը, ինչպես նաեւ` գյուղից 1 կմ հյուսիս Սպիտակ խաչի աղբյուր կոչվող 12-13 դդ. գրեզմանատեղին: Ամերիկահայ կամավորներին օգոտսոսին կփոխարինեն եվրոպական երկրներից ժամանած հայ երիտասարդները:
Արմեն Դավթյան, Կապանի «Սոսի» Հ/Ը