Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացավ թուրք ռեժիսորի «Մեղր» ֆիլմի պրեմիերան

Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի երեւանյան պրեմիերաների շարքից այսօր թուրք անվանի կինոտեժիսոր Սեմիհ Կապլանօղլուի «Մեղր» ֆիլմի ցուցադրությունն էր: Ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոնների եւ արժանացել Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

«Մեղր»-ը ռեժիսորի հեղինակած եռապատում ֆիլմերի վերջին մասն է, սակայն, նրա իսկ խոսքերով, դրանք թեեւ մեկ հերոսի մասին են, սակայն իրենց սյուժետային կառուցվածքով բոլորովին առանձին պատմություններ են: «Ընդհանուր եռապատման հիմքում ընկած է Յուսուֆ անունով մեծ բանաստեղծի կյանքը` հետընթաց կարգով ծերություն, պատանեկություն եւ մանկություն»,- նշում է թուրք ռեժիսորը եւ հանդիսատեսին հիշեցնում, երկու տարի առաջ «Ոսկե ծիրանին» ներկայացվել էր եռապատման «Ձու» ֆիլմը, որը հերոսի հասուն տարիքի մասին էր:


«Մեղր» ֆիլմում ռեժիսորը մռայլ գույներով պատմում է դպրոցահասակ Յուսուֆի ու նրա ընտանիքի` հոր եւ մոր մասին, թե ինչպես է լեռների ու ատառների մեջ ապրող ընտանիքը ապրում, գոյատեւում: Ֆիլմը ունի տխուր վերջաբան` փոքրիկի հայրը մեղր բերելու նպատակով գնում է անտառ եւ չի վերադառնում:

Նկարահանումները Սեմիհ Կապլանօղլուի խոսքերով Հայաստանին մոտ մի վայրում է կատարվել, Ռիզեի մոտ, Սեւ ծովի ափին, որը հիմնականում բնակեցված է համշենահայերով:

Ռեժիսորը ծանո՞թ է հայկական մշակույթին ու հատկապես կինոարվեստին` այս հարցին` Սեմիհ Կապլանօղլուն պատասխանեց, որ այնքան էլ ծանոթ չէ հայ մշակույթին, սակայն շատ է սիրում Փարաջանովի ֆիլմերը:

«Նրան նույնիսկ ես տեսել եմ: Փարաջանովի ֆիլմերը շատ կարեւոր գաղափարախոսություն ունեն, քանի որ նա կարողացել է տեղի կոլորիտը միավորել համաշխարհային տիեզերական հասկացողության մեջ: Նրանից շատ բան կա սովորելու: Նա սինեմայի առաջամարտիկներից մեկն է»,- նշում է նա:

Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում հայ-թուրքական ֆիլմ արտադրելու նախաձեռնությանը, ռեժիսորը պատասխանեց. «Շատ էական եւ կարեւոր եմ համարում այդ նախաձեռնությունը, քանի որ այդ ձեւով ավելի լավ կարող ենք միմյանց ճամաչել: Այս առումով արվեստը շատ մեծ ներդրում կարող է ունենալ»,- եզրափակում է ռեժիսորը: