Անցյալից ներկա. Նոր դերակատարում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում տեղի կունենա Լիանա Անթառանյանի հեղինակած ՙՍարերում կյանք կա՚ դրաման: Բեմարդրության մեջ գլխավոր դերով հանդես է գալիս Կարեն Ջանիբեկյանը:
Ներկայացման բեմադրիչ Արտաշես Հովհաննիսյանը /ՀՀ վաստակավոր գործիչ/ Ա1+ ին տված հարցազրույցում նշեց. ՙպիեսը առաջին անգամ ընթերցելուց հետո հասկացա, որ այս դերը կարող է խաղալ միայն Կարեն Ջանիբեկյանը և չսխալվեցի՚:
Պիեսի երիտասարդ հեղինակը պիեսում ներկայացնում է իր պապիկի կենսագրությունը: Բեմադրիչի խոսքերով` Կարեն Ջանիբեկյանը շատ է հավանել նյութը և միանգամից համաձայնել է:
Պիեսը մի մարդու պատմություն է ներկայացնում, որը պայքարում է արդարության համար և պատրաստ է հանուն այդ գաղափարի զոհվել: ՙԲեմադրության մեջ խոսվում է այսօրվա խնդիրների մասին, որոնք հարազատ են հանդիսատեսին: Մարդը շատ է խառնվում բնության օրենքներին, իսկ սարերում բնությունը լիովին տեր ու տիրակալ է՚, այսպես է մեկնաբանում բեմադրիչը:
Ներկայացման մեջ հնչում է հենց լոռվա բարբառը իր յուրահատուկ հումորի զգացողությամբ: Այս թաքնված հումորի մեջ էլ հենց ներկայացվում է գլխավոր հերոսի ողբերգությունը: Ինչպես Կարեն Ջանիբեկյանի հերոսն է ասում. ՙմենակությունն է դարձել իմ միակ ընկերը՚:
Ներկայացման բեմադրիչը` հետադարձ հայացք գցելով իր նախորդ բեմադրություններին, նշեց. ՙկարծում եմ` ինչպես ժամանակին իմ բեմադրած ՙԱշնան արև՚ ներկայացումը թույլ տվեց Վիոլետա Գևորգյան դերասանուհուն մեկ այլ կերպով ներկայացնել, այնպես էլ այս դերը` Կարեն Ջանիբեկյան դերասանի համար՚: