Առաջարկը բխել է սահմանամերձ համայնքների բնակիչներից․Խաչատրյանը՝ բնակիչներին զինելու նախագծի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանամերձ համայնքների բնակիչներին, ըստ մեր ստեղծած նախագծի, հնարավորություն կընձեռնվի տրամադրել ակոսավոր որսորդական զենքեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով իրենց առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում են զինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
Խաչատյանի խոսքով՝ վերացրել են իրավական խոչընդոտները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան զենք կրելու․
«Որսորդական հրացանները շատ մոտ են մարտական հրացաններին, և այս նոր ստեղծված իրավիճակում, երբ սահմանամերձ գոտիները անմիջական առնչություն ունեն Ադրբեջանի Հանրապետության հետ, կարծում ենք, անհրաժեշտություն է, որ այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն զենք ունենալու, ունենան։ Սա նախ կբարձրացնի քաղաքացիների անվտանգության զգացողությունը, նաև հենց որսորդական նպատակներով ծառայելու համար ավելի արդյունավետ զենք է»։
Խաչատրյանի խոսքով՝ նախագծի հրատապությունը նրանում է, որ եթե մի բան անհրաժեշտ է բնակիչների համար, պետք է արվի առանց ձգձգելու, բայց սահմանային իրավիճակի հետ կապված չէ։
Հարցին, թե արդյո՞ք ռիսկեր չկան, որ քաղաքացիները զենքը միմյանց դեմ կօգտագործեն, Խաչատրյանն արձագանքեց, թե ցանկացած զենք արդեն ռիսկ է, սակայն այդ բնակիչները, ովքեր կստանան զենքը կրելու հնարավորությունը, նրանց հետ կատարվելու են համապատասխան աշխատանքներ զենքը կրելու, պահելու, կրակելու հմտությունների վերաբերյալ, նաև ոստիկանությունն է ուժեղացնելու հսկողությունը։
Նախագծի համահեղինակի խոսքով՝ առաջարկը բխել է հենց սահմանամերձ համայնքների բնակիչներից․
«Գյուղական համայնքների բնակիչներին հիմնականում անհանգստացնում է այն փաստը, որ սահմանին արդեն տեսանելի են ադրբեջանական հենակետերը, և բնակչության մի զգալի մասը զբաղվում է անասնապահությամբ, այս դեպքում ևս ռիսկեր կան՝ սկսած վայրի կենդանիներից, վերջացրած անվտանգային հարցերով, ըստ բնակիչների՝ եթե ունենան ակոսավոր որսորդական հրացան, դա իրենց մոտ անվտանգության զգացողությունը կբարձրացնի, և իրենք որևէ վախ չեն ունենա օրվա տարբեր ժամերին անասնապահությամբ զբաղվելու»։