«Աստղի շողերը դեռ առկայծում են». Գեղամ Գրիգորյանն այսօր 70 տարեկան կդառնար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 29-ին լրանում է աշխարհահռչակ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը։ Գեղամ Գրիգորյանը ելույթ է ունեցել աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը։
Այսօր մեծանուն երգչի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Կոմիտասի անվան պանթեոն, նրա գերզմանին ծաղիկներ խոնարհելու էին եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ինչպես Գրիգորյանի հարազատներն ու ընկերները, նրա արվեստը գնահատող մարդիկ։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ Գրիգորյանը մարդ էր, ով հայկական արժեքներով տարածում էր համաեվրոպական արժեքներ․
«Գեղամ Գրիգորյանն իսկապես այն անունն է, որը համաեվրոպական իմաստով աստղ է, և այդ աստղի շողերը դեռ առկայծում են, թեև ինքը ֆիզիկապես մեզ հետ չէ։ Ես նրան համարում եմ առաջնակարգ արտիստ, ով ազգային հպարտության, ազգային արժանապատվության դեսպանն է»։
Խզմալյանը ափսոսանք հայտնեց, որ Գրիգորյանի պես կենսասեր և կենսախինդ մարդը, ով դեռ շատ անելիք ուներ, հեռացավ անժամանակ․
«Իր ժառանգները իրենց կյանքով, իրենց գործով շարունակում են տաղանդի տրոփյունը»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ Գրիգորյանը չկա ֆիզիկապես, բայց ողջ է իր արվեստն ու իր թողած ժառանգությունը։