ԳՇ պետն այս պահին Արցախում է, Պաշտպանության նախարարը՝ Սյունիքում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս շաբաթ տեղի ունեցավ գերիների փոխանակման առաջին փուլը, բայց նաև շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված։ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․
«Այս առումով ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ»։
Ինչ վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին և այն անձանց, ովքեր, ամենայն հավանականությամբ, գերեվարված են, Ավինյանն ասաց՝ տվյալներն այս պահին ճշտվում են․
«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին գտնվում է Արցախում, այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու։ Այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ տեղի են ունենում բանակցություններ, և մոտ ապագայում ակնկալում ենք հանգուցալուծում»։
Ավինյանն ընդգծեց՝ որոշակի լարվածություն եղել է Հին Շեն համայնքում, այս պահին միջդիրքային կապը առկա է, խնդիրը ամբողջապես հանգուցալուծված չէ, բայց այս հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահները․
«Ակնկալում ենք, որ Հին Շենի հետ կապված մոտ ապագայում կունենանք վերջնական հանգուցալուծում»։
Փոխվարչապետը հայտնեց նաև՝ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքում է․
«Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայանքով իրականացնում են տեղակայաման աշխատանքներ»։
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի գործընկերների հետ․
«Մարզպետը այս փուլում աշխատանք է տանում և՛ սահմանապահ ծառայության գործընկերների, և՛ Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ։ Իմ ունեցած տեղեկատվությամբ՝ այս պահին սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ սահմանի երկայնքով, և խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից պետք է նշել, որ ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի»,-եզրափակեց Պապիկյանը։