Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մարզային այցերը սկսել է սահմանապահ և սահմանամերձ
շրջաններից: Առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը:

Նախարարը մեծ կարևորություն է տալիս
այդ հենակետերում փրկարար ուժերի կողմից իրականացվող ծառայությանը: Վերջիններիս ներգրավվածությունը հակառակորդի
հետ շփման գծում, ըստ նախարարի, ներկա իրավիճակում առավել քան անհրաժեշտ է: Նախարար Փիլոյանն այցերի ընթացքում
ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ռեսուրսներին, շենքային պայմաններին ու տեխնիկական
հագեցվածությանը:

Ներկայացվել են առկա խնդիրները, տրվել են լրացուցիչ ցուցումներ՝ առավել կազմակերպված և
արդյունավետ աշխատանքի համար: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել սահմանային գոտու փրկարարական ուժերին՝
պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:

Անդրանիկ Փիլոյանը մեդալներով է խրախուսել մի շարք փրկարարների՝ հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ
մասնակցության և ցուցաբերած քաջության համար: Նախարարի մարզային այցերը շարունակվելու են՝ նպատակ ունենալով
արձանագրել ինչպես գրանցված հաջողություններն, այնպես էլ վեր հանված խնդիրները՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու
համար: